Բրյուսելում Երևանն ու Բաքուն Մոսկվայի համար փոքրիկ ծուղակ են նախապատրաստել. քաղաքագետ

Բրյուսելում Երևանն ու Բաքուն Մոսկվայի համար փոքրիկ ծուղակ են նախապատրաստել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: Բրյուսելում կայանալիք Հայաստան-Ադրբեջան բանակցությունները մի քանի նախապատրաստական փուլ անցան փաստորեն, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից թեզեր հնչեցվեցին, որ հայ-ադրբեջանական այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հնգակետ ֆորմատի վերաբերյալ որոշակի կամ նախավերջնական պայմանավորվածության պետք է հանգեն։ Այս մասին 24News-ին ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլի Միշելի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը։

Մարտի 30-ին ԵԽ պաշտոնական կայքում հրապարակվել էր Միշելի շաբաթական ժամանակացույցը, որում նշված է ապրիլի 6-ին Բրյուսելում իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև համատեղ հանդիպման մասին։ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն արդեն հաստատել են հանդիպման հնարավորությունը։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքերով՝ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ երկար-բարակ հիմնավորումներ բերեց, ինչ է, թե գնա ու կապիտուլյացիայի 2-րդ պայմանագիրը ստորագրի։

«Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, լսելով հայկական կողմի արձագանքները, դրանք «դրական ազդակներ» անվանեց։ Տպավորություն էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև թիմային խաղ է գնում։ Ընդորում երկուսն էլ մեկ նպատակ ունեն՝ հնարավորինս արագ կազմակերպել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիր և դրա վերաբերյալ գոնե հանրային հայտարարություն հնչեցնել Բրյուսելում։ Բայց դրա արանքում տեղի ունեցան մի շարք պրոցեսներ, զանգեր, ռեգիոնիալ մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանի Դաշնության հետ մի շարք քննարկումներ ունեցան, այդ թվում՝ խաղաղապահների հետ կապված հայկական կողմի հրապարակային քննադատության, մեղադրանքների կոնտեքստում։ Այն առումով, որ հայկական կողմը չէր պատկերացնում, թե խաղաղապահ զորքերի գործառություններն ու պատասխանատվությունն ինչ է։ Հրապարակային քննադատություն էին հնչեցրել ինչպես արգործնախարարը, այնպես էլ վարչապետն իր խոսքում», – նշեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոսը։

«Երեք հեռախոսազանգերի արդյունքում տպավորություն ստեղծվեց հայկական կողմում հիմնական տրամադրվածության մասին, թե Ադրբեջանը ուժի սպառնալիքի տակ ստիպում է, որ մենք խաղաղության պայմանագիր կնքենք, որն ինչ-որ չափով հերքվեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն դիտարկմամբ, որ ՀԱՊԿ ցանկացած անդամի նկատմամբ ռազմական որևէ ոտնձգություն, ոտնձգություն է Ռուսաստանի նկատմամբ։ Հնչեցվեցին հրապարակային որոշ թեզեր, որոնցով հատկապես հայկական կողմը փորձում էր լեգիտիմացնել հետագա զիջումներն Ադրբեջանին» , – ընդգծեց Ղևոնդյանը։

Քաղաքագետը թերահավատ է, որ Բրյուսելում խոսք կգնա Ադրբեջանի հնգակետ առաջարկի մասով որևէ համաձայնության գնալու լիարժեք կամքի մասին, չնայած որ այդ թեման օրակարգային լինելու է։ «Այստեղ փոքրիկ ծուղակ են նախապատրաստել հատկապես Ռուսաստանի համար, ընդորում՝ հայկական և ադրբեջանական կողմը միաժամանակ, միասին, իհարկե բրիտանա-թուրքական ականջներն այս ողջ պրոցեսի հետևում շատ հստակ ու տեսանելի են»։

«Բայց կարծում եմ, որ ռուսները որոշակի կանխարգելիչ քայլեր ձեռնարկեցին ռեգիոնում ուժային դասավորվածության չփոփոխության ուղղությամբ կամ պրոցեսներն առնվազն իրենց վերահսկելիության դաշտ մտցնելու համար։ Հստակ և վերջնական կանխատեսում դժվար է անել, որովհետև Հայաստանի դեպքում ունենք անկանխատեսելի ղեկավարի հանրային և քաղաքական պահվածք, Ադրբեջանի դեպքում՝ սեփական երկրի ազգային շահերն ամեն գնով առաջ մղելու հաստատակամություն։ Բայց որ վերջնական ինչ-որ պրոդուկտի նրանք չեն հանգի բանակցային օրակարգում, ավելի հավանական տարբերակ կլինի», – եզրափակեց Ալեն Ղևոնդյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում