Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, Times․am: Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:

«Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը»,- ասաց Սարգսյանը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը (նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից), վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ նա նախարարության հետ համագործակցող ՍՊԸ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափի կաշառք: Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022 թ.-ին ձերբակալվել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում