Փառուխ-Քարագլուխ հատվածից թշնամու տեսադաշտում է հայտնվել նաև Սարդարաշենը․ գյուղի մոտակա բլուրին ադրբեջանցիներն են

Փառուխ-Քարագլուխ հատվածից թշնամու տեսադաշտում է հայտնվել նաև Սարդարաշենը․ գյուղի մոտակա բլուրին ադրբեջանցիներն են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Մարտի 24-ի՝ Փառուխ-Քարագլուխ ուղղությամբ ադրբեջանցիների ներխուժման հետևանքով Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղը ևս հայտնվել է թշնամու թիրախում։ Գյուղի՝ Փառուխին սահմանակից հատվածից դիտարկվում են սարդարշենցիներին պատկանող դաշտերը։

«Վարելահողեր կան, որ իրենց տեսադաշտում են։ Ադրբեջանցիներն առաջացել են, թմբերի վրա դիրքավորվել՝ Փառուխի կողմից, էդտեղից էլ մեր դաշտերը երևում են։ Ամսի 24-ից ոնց եկել են հասել այդտեղ, շարունակում են նույն տեղում էլ մնալ։ Մի հողակտոր՝ 3 հա մակերեսով, որն ադրբեջանցիների գտնվելու տեղից մոտ 300 մետր է հեռու, բացառվում է մշակելը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սարդարաշենի համայնքապետ Հայկ Հակոբյանը։

Բարեբախտաբար, գյուղացիներին պատկանող ոչ բոլոր վարելահողներն են գտնվում Փառուխի հետ սահմանին։ Հակոբյանի խոսքով՝ մոտ 80 հա կկարողանան մշակել, բերքն էլ հավաքել։

Գյուղին պատկանող հողերի կեսից ավելին՝ շուրջ 100 հա վարելահող, որ գտնվում էր Խաչենի հովտում, անցել է թշնամու վերահսկողության տակ։

«2020թ․ պատերազմից հետո այդ վարելահողերը սահմանակից էին դարձել, մարդիկ 2021թ․-ին մշակել էին, ցանել այդ հողերը, բայց բերքը չեն կարողացել հավաքել։ Հիմա ընդհանրապես չենք կարող մտնել այդ տարածքները․ մարտի 24-ից ամբողջությամբ իրենց տիրապետության տակ է»,-նշել է մեր զրուցակիցը։

Գյուղից դուրս եկող պատերազմից հետո չի եղել։ Հողագործությունն ու անասնապահությունն էլ առանձնապես չեն տուժել, բայց այս տարի, համայնքապետի կանխատեսմամբ, թե՛ մեկի, թե՛ մյուսի ծավալները կկրճատվեն․

«Խոտհարքերի հաշվին ցանքատարածություններն ենք ընդարձակում։ Բնական է, որ անասնագլխաքանակն արդեն կկրճատվի։ Հակոբյանն ասում է՝ ադրբեջանցիները եթե շարունակեցին մնալ Քարագլխի հատվածում, հողագործության ծավալներն էլ են կրճատվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում