Ալիևը հայտարարում է, իբր Արցախի խնդիրը լուծված է, իսկ Փաշինյանը չի հակադարձում․ քաղաքագետ

Ալիևը հայտարարում է, իբր Արցախի խնդիրը լուծված է, իսկ Փաշինյանը չի հակադարձում․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Արցախյան հարցի շուրջ վերջին զարգացումների, մասնավորապես Միրզոյան-Լավրով հանդիպման և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հնարավոր կասեցման մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

-Պարոն Մելիք-Շահնազարյան, վերջին շրջանում կրկին ակտիվացել են Արցախյան հարցի կարգավորման շուրջ տեղի ունեցող քաղաքական զարգացումները։ Ի՞նչ է տեղի ունենում դիվանագիտական հարթակներում և ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք վերջերս տեղի ունեցած հանդիպումներից։

-Միանգամայն ճիշտ եք՝ վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցան Հայաստանի, Ադրբեջանի և տարբեր միջնորդ կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներ ու հեռախոսազրույցներ, որոնց ընթացքում նոր թափ հաղորդվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ սահմանների ճշգրտում, կոմունիկացիաների ապաշրջափակում և այլն։ Արցախի մասին, սակայն, գրեթե ոչինչ չի խոսել։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է. Արցախը փաստացի դուրս է մնացել հայ-ադրբեջանական օրակարգից։ Ալիևը հայտարարում է, իբր Արցախի խնդիրը լուծված է, իսկ Փաշինյանը դրան ոչինչ չի հակադարձում։ Իսկ հայկական կողմի բոլոր այն հայտարարությունները, որոնք իբրև թե միտված են արցախյան օրակարգը սպասարկելուն, չափազանց վերացական ու ընդհանրական են։

Թե՛ Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման և թե՛ դրան հետևած Լավրով-Միրզոյան հանդիպման ընթացքում բանակցող կողմերի քննարկած թեմաները շատ անուղղակի կերպով էին վերաբերվում Արցախին։ Սա է հիմնական այն փաստը, որը պարզ դարձավ վերջին շրջանի դիվանագիտական զարգացումներից։

-Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն կասեցրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ փաստը Արցախի հարցի կարգավորման վրա։

-Մինսկի խմբի չեղարկումն Ադրբեջանի իշխանությունների քաղաքական հիմնական նպատակներից մեկն է։ Բաքվում լավ են հասկանում, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման քաղաքական ուղիները խնդրահարույց են իրենց համար։ Ուստի նրանք ամեն ինչ անում են հարցին այլ՝ այդ թվում նաև ռազմական լուծում տալու համար։ Եռանախագահության ինստիտուտի վերացումը հենց այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Եվ եթե Բաքվին հաջողվի հասնել իր նպատակին, ապա Հայաստանն ու Արցախը կզրկվեն ղարաբաղյան խնդիրը հօգուտ մեզ հանգուցալուծելու ևս մեկ կարևոր գործիքից։ Դա է պատճառը, որ ինձ այսչափ զարմացնում է Լավրովի՝ հիշատակված հայտարարությունից հետո ՀՀ արտաքին գերատեսչության անգործունեության փաստը։ Գրեթե մեկ շաբաթ է Մինսկի խմբի հարցն օդում կախված է մնացել և ոչինչ չի արվում այդ ֆորմատը փրկելու համար։ Սա պարզապես անթույլատրելի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում