Այստեղից չենք հեռանալու․ մեր պայքարը հանուն մեր երկրի է, հանուն մեր մեծ հայրենիքի է, այն հաջողություն է ունենալու, այլ տարբերակ չկա․ Արթուր Վանեցյան

Այստեղից չենք հեռանալու․ մեր պայքարը հանուն մեր երկրի է, հանուն մեր մեծ հայրենիքի է, այն հաջողություն է ունենալու, այլ տարբերակ չկա․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, Times․am: Քիչ առաջ ոստիկանության մեծաթիվ ուժեր, առանց բացատրություններ ներկայացնելու, ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին Ազատության հրապարակում հանրահավաքի դուրս եկած մի շարք քաղաքացիների, տեղեկացնում է Aysor.am-ը։։

Ազատության հրապարակում իրավիճակը սկսեց լարվել, երբ ոստիկանությունը տարավ վրանները, որոնք ցանկանում էին տեղադրել հանրահավաքի մասնակիցները՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ոստիկանության այս գործողությունից հետո նշեց․ «Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք ու միանշանակ բոլորին հավաստիացնում եմ, որ պայքարն սկսել ենք և տուն չենք գնալու, չենք ավարտելու, անպայման մնալու ենք այստեղ ու մեր նպատակն իրագործելու ենք, իսկ մեր նպատակը մեկն է՝ մեր մեծ հայրենիքը՝ Արցախը և Հայաստանը, բերել մի իրավիճակի, երբ ապահովված է անվտանգությունը։ Պետություն լինելու, առհասարակ՝ հայի և հայապահպանության հարց մենք պետք է լուծենք»։

Քիչ անց Ազատության հրապարակում հավաքված մեծաթիվ ոստիկաններն սկսեցին հանրահավաքի մասնակիցներին բերման ենթարկել։ Հրմշտոց ու քաշքշուկ ծագեց, քաղաքացիները կանգնում էին ոստիկանական մեքենաների դիմաց, որպեսզի թույլ չտան բերման ենթարկել ակցիայի մյուս մասնակիցներին։

Նախնական տեղեկություններով, այս պահին 5 անձ է ձերբակալված, թեև բերման ենթարկվածների թիվը կարող է ավելի մեծ լինել։

Ոստիկանության այս գործողությունից հետո ևս Արթուր Վանեցյանը վերահաստատեց՝ մնալու են և պայքարը շարունակելու են։

«Այստեղից չենք հեռանալու։ Կթողնեն վրան կդնենք, կմնանք վրանում, չեն թողնի, կմնանք փողոցում։ Մեր պայքարը հանուն մեր երկրի է, հանուն մեր մեծ հայրենիքի է, հանուն Արցախի, հանուն Հայաստանի է, այս պայքարը միանշանակ հաջողություն է ունենալու, այլ տարբերակ չկա»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում