Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, Times․am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը, հայտնում է Փաստինֆո-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության՝ նախապատրաստման փուլում մեղադրող դատախազները միջնորդել են անփոփոխ թողնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմը միջնորդել է գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում