Լոմով հարվածել են բժշկի գլխին. մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից

Լոմով հարվածել են բժշկի գլխին. մանրամասներ՝ շտապօգնության բժշկի և վարորդի նկատմամբ բռնության դեպքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, Times․am: Երեւանում այսօր՝ մայիսի 16–ին, շտապօգնության բժշկի եւ վարորդի նկատմամբ բռնությունը տեղի է ունեցել Արհեստավորների առաջին փողոցի տներից մեկում` Գումի շուկայի հարեւանությամբ:

NEWS.am-ին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու են կանչ գրանցած հիվանդի հարազատները ծեծել բժշկին։ Նա պատմեց, որ հիվանդին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո է միջադեպը տեղի ունեցել։

«Հիվանդ կնոջ ամուսինն ու տղան խմած են եղել, բժշկին ծեծել են։ Չեմ կարող ասել, թե էդ ինչ «վատություն» է արել բժիշկը, որ որոշել են ծեծել։ Լոմով հարվածել են բժշկի գլխին, քիթն են ջարդել, իսկ վարորդը նորմալ վիճակում է, նա հիվանդանոցում հետազոտվելուց հետո ոստիկանություն է ներկայացել»,– պատմեց Թագուհի Ստեփանյանը։

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երեւանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, նրանք տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ ոստիկանության կենտրոնական բաժնում դեպքի առնչությամբ ահազանգ է ստացվել, նյութեր են նախապատրաստվում, կա բերման ենթարկված անձ։

«Հաղորդում է ստացվել, որ շտապօնգության բժշկին ծեծի են ենթարկել, այդ հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում, բերման ենթարկված անձ կա»,– փոխանցեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում