Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում տպավորություններն է կիսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ

Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում տպավորություններն է կիսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, Times․am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ՝ ընդգծելով, որ թեև հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, հանդիպումից հետո, ցավոք, հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ:

Պետաքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:

Անդրադարձ է կատարվել նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները»,- նշված է հաղորդագրությունում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում