Բեռն, Դուբլին, Նիկոսիա և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին ճամփորդությունների բուռն շրջան է սկսվել․ «Հրապարակ»

Բեռն, Դուբլին, Նիկոսիա և այլն․ ԱԺ-ում բյուջեի հաշվին ճամփորդությունների բուռն շրջան է սկսվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում գործուղումների, իսկ իրականում՝ բյուջեի հաշվին ճամփորդությունների բուռն շրջան է սկսվել։ Դրանից, բնականաբար, օգտվում են ՔՊ-ական պատգամավորները, որոնց համար սա լրիվ անվճար աշխարհ տեսնելու հիանալի հնարավորություն է։ Հատկապես նրանք, ովքեր իրենց բակից այն կողմ ուրիշ որեւէ վայրում երբեւէ չէին եղել, առավելագույնը՝ Սեւան կամ Ծաղկաձոր էին գնացել, այսօր բյուջեի հաշվին եվրոպաներ կամ հեռավոր էկզոտիկ երկրներ են մեկնում՝ անունը դնելով, թե կարեւոր հարցերով գործուղման են։ Վոյաժների ժամանակ էլ հերթական անիմաստ քննարկման վայրից մի երկու ձեւական նկար են դնում եւ դեմքի լուրջ արտահայտություն ընդունում՝ իբրեւ թե կարեւոր քննարկման են մասնակցում, որը նույնիսկ հասկացել են՝ ինչի մասին է։

Այսպես, ԱԺ կայքի նախագահի «Որոշումներ» բաժնում առաջիկա տուրիստական շրջագայությունների հերթական ցանկն է ներկայացվել։ Օրինակ՝ մայիսի 26-28-ը Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) կմեկնեն ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանն ու Սարգիս Խանդանյանը։ Հունիսի 6-9-ը Բեռն (Շվեյցարիայի Համադաշնություն) կմեկնեն Էդուարդ Աղաջանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Քոչարյան Անդրանիկը։ Ցանկում ներառված է նաեւ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի անունը, որը, սակայն, հրաժարվել է այս տուրիստական գործուղումից։ Հունիսի 13-16-ն էլ Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կմեկնեն ԲՀԿ-ից ՔՊ-ի գիրկն անցած ճամբարափոխ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու կապանցի ուսուցչուհի, Կապանից զուտ նիկոլական լինելու հաշվին ԱԺ դահլիճում հայտնված Մարինա Ղազարյանը:

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն) կմեկնի ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որը նոր պետք է վերադարձած լինի փարիզյան շրջագայություններից։ Գործուղումների ցանկը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Գործուղումներ կան նաեւ Սոչի, Սանկտ Պետերբուրգ։ Իսկ թե ինչ օգուտ են տալիս անգամ բարձրագույն կրթություն չունեցող եւ լեզուների նորմալ չտիրապետող, միայն սելֆի անելու գործիքակազմին ծանոթ ՔՊ-ականները բյուջեի հաշվին շրջագայությունների ժամանակ, կարելի է միայն եզրակացնել՝ հետեւելով նրանց կենսագրությանը, անցած ճանապարհին, մտավոր ունակություններին եւ ԱԺ-ում ունեցած ելույթներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում