Դիմադրության շարժում՝ խնդիրներ և հնարավորություններ

Դիմադրության շարժում՝ խնդիրներ և հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, Times․am:  Հայաստանում մեկ ամսից ավել է բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանց ակտիվությունը մե՛կ մեծանում է, մե՛կ նվազում։ Մարդիկ պահանջում են գործող իշխանությունների հրաժարական՝ որպես պատճառ նշելով այն փաստը, որ Փաշինյանի կառավարությունը չափազանց մեծ զիջումներ է անում թուրք-ադրբեջանական դաշինքին։ Օրակարգում Արցախի հարցն է։ Բայց ոչ միայն։ Անցած մեկ ամսվա ընթացքում հանրահավաքների հարթակներից ամենատարբեր խնդիրների մասին է խոսվել։ Նույնիսկ այնպիսի խնդիրների մասին, որոնք այս իրավիճակում, թվում էր, պետք է երկրորդ պլան մղված լինեին։ Բայց հանրության շրջանում հարցերը չափազանց շատ են և բոլորն էլ հրատապ պատասխաններ են պահանջում։ Թերևս դա է պատճառը, որ Արցախի խնդրով փողոց դուրս եկած հանրությունն իր օրակարգը հարստացրեց նաև սոցիալական, տնտեսական, արդարության, պետական կառավարման արդյունավետության և նման բազում այլ հարցերով։ Սա իր հերթին բերեց հանրային ընկալումների կարևոր վերափոխման, որի արդյունքում Արցախի խնդիրը, որը նախևառաջ իր մեջ ներառում է անվտանգային գործոնն ու հայկական երկու պետությունների զարգացման հեռանկարները, փոխկապակցվեց երկրում տիրող բարոյահոգեբանական, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտների իրավիճակի հետ։

Սա որակապես նոր իրավիճակ է, որը նախկինում ընկալվում էր միայն հանրության վերնախավի կողմից։ Իսկ հիմա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ գիտակցում է, որ անվտանգ սահմանը երկրի կայուն և հավասարաչափ զարգացման հետևանքն է։ Այլ խոսքերով՝ մարդիկ այլևս համաձայն չեն տնտեսապես նեղություն կրել, որպեսզի բանակն Իսկանդերներ ունենա։ Մտածելակերպը հիմա այլ է՝ ուժեղ տնտեսություն նշանակում է և՛ բարեկեցիկ կայնք, և՛ Իսկանդեր։

Այս մոտեցումն էլ, իր հերթին, նոր չափորոշիչներ է սահմանում բոլոր այն գործիչների համար, որոնք հավակնում են առաջնորդել նա՛խ բողոքի այս ալիքը, իսկ հետո նաև՝ երկիրը։ Ու թեև առաջին հայացքից սա հեշտ ընկալելի խնդիր է պոտենցիալ առաջնորդների համար, այնուամենայնիվ փաստն այն է, որ հայկական քաղաքական վերնախավը չափազանց բևեռացված է՝ մի հատվածը մտածում ու խոսում է միայն բանակի ու անվտանգության մասին, մյուսը՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների։ Մի մասը խիստ պրագմատիկ է, մյուսը՝ ծայրաստիճան պոպուլիստ։ Եվ երբ երկու այդ հատվածներից յուրաքանչյուրը փորձում է իր վարքագիծն ու հանրային խոսքը գոնե մի քիչ համեմել մյուսի գործիքակազմով, դա շատ անբնական ու կեղծ է դառնում։ Իսկ հասարակությունը, ակնհայտ է, չի ցանկանում, որպեսզի իր ընտրությունը երկու ծայրահեղություններից մեկը լինի։ Ժողովուրդը ոսկե միջինն է փնտրում, որը Հայաստանում դեռևս չկա։ Եվ սա փողոցային այս շարժման ձգձգման հիմնական պատճառն է։

Երկրորդ խնդիրը, որի առջև կանգնած է Դիմադրության շարժումը, քաղաքական համաձայնությունների բացակայությունն է։ Այն մեկնարկեց որպես ապակենտրոն քաղաքական շարժում և շարունակեց մնալ այդպիսին ընդհուպ մինչ օրս։ Չնայած այն փաստին, որ Դիմադրության շարժման մաս են կազմել տարբեր կուսակցություններ և ուժեր, այնուամենայնիվ հստակ է, որ նրանցից շատերը զուտ ներկա են ստանում հրապարակում, իսկ խոշորներն էլ լիարժեք չեն ներդրվում գործող իշխանությունների հեռացումն ապահովելու համար։ Ավելին ասեմ՝ փիարը շատ ավելի շատ է, քան անհրաժեշտ գործը։ Ասվածը ճիշտ է գրեթե բոլոր ուժերի, բայց ոչ անհատների համար։ Այսպես, հրապարակում ներկա բոլոր կուսակցություններն էլ ունեն այնպիսի գործիչներ, որոնք ոչինչ չեն խնայում խնդիրը լուծելու համար։ Նրանք օր ու գիշեր աշխատում են, բողոքի ակցիաներ կազմակերպում, տարատեսակ ճնշումների ենթարկվում, անգամ ձերբակալվում, բայց շարունակում իրենց պայքարը։ Հենց այդ մարդիկ են այս շարժման դեմքն ու առաջ տանող ուժը։ Կարծում եմ՝ անուններ տալու կարիք չկա. նրանք բոլորի աչքի առջև են։

Նշված այս խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա միայն՝ կա՛մ բոլոր այդ ուժերը պայմանավորվում են իրար հետ, համախմբում ուժերն ու առաջ գնում, կա՛մ շարժման առաջնորդները (կամ նրանցից մեկը) պարզապես սեփական օրակարգն են ձևավորում և սկսում ինքնուրույն գործել՝ առանց իրենց քայլերը քննարկելու, առավել ևս՝ համաձայնեցնելու մնացած ուժերի հետ։ Երկրորդ այս լուծումը, իհարկե, որոշ ժամանակով կարող է նոսրացնել այս պահին փողոց դուրս եկած քաղաքացիների շարքերը, բայց կարճաժամկետ հեռանկարում հնարավորություն կտա նրանց հասարակության ավելի լայն զանգվածներ ներգրավել և ավելի մեծ խնդիրներ լուծել։

Երրոդ խնդիրը, որ թերևս ամենամեծն ու նշանակալիցն է, քաղաքական հաշվարկներն են։ Ավելի ճիշտ՝ սխալ հաշվարկները։ Հայաստանում գործող և պոտենցիալ ունեցող շատ ուժեր այս պահին տարբեր սպասումներ ու ակնկալիքներ ունեն։ Նրանց մի մասը, կարծես, սպասում է հարթակ բարձրացած գործիչների տապալմանն ու ասպարեզից հեռանալուն՝ հուսալով, որ այդպես ճանապարհ կբացվի իրենց համար։ Երկրորդ մասը, հակառակը, գործող իշխանությունների դեմ բարձրացած այս ալիքից իրեն մաքսիմալ հեռու է պահում՝ զուգահեռ փորձելով նույն այդ իշխանություններին համոզել, որ իրենք բոլորի նման չեն և ցանկանում են համագործակցել կառավարության հետ։ Եվ վերջապես երրորդ, բայց ամենամեծ մասը սպասում է ասպարեզ մտնելու արտաքին ազդակներին։ Նրանց մոտ համոզմունք կա, որ մինչև Մոսկվայում, Վաշինգտոնում ու Բրյուսելում աստղերը ճիշտ չդասավորվեն, Հայաստանում ոչ մի փոփոխություն չի կարող լինել։ Բոլոր այս ուժերի հիմնական ներկայացուցիչները ոչ միայն չեն աջակցում Դիմադրության շարժման առաջնորդներին, այլև շատ թերահավատ և նույնիսկ քննադատաբար են մոտենում նրանց գործողություններին՝ ընդհանուր առմամբ նպաստելով նաև հանրային հիասթափության մեծացմանը։

Այս ամենով հանդերձ, սակայն, Դիմադրության շարժման դրական կողմերն ու հատկապես ձեռքբերումները, բազմակի անգամ ավելի ծանրակշիռ են, քան թվարկածս խնդիրները։ Ավելին՝ նշված երեք խնդիրներն էլ, համապատասխան զարգացումների պարագայում, կարող են դրական նշանակություն ստանալ և կրկին ծառայեցվել պետության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Բայց մինչ այդ արդեն իսկ ակնհայտ է, որ Շարժումն ունի մի շարք ձեռքբերումներ, որոնցից ես կառանձնացնեի հետևյալները.

– Հայ ժողովուրդը սկսել է հաղթահարել պատերազմում ջախջախիչ պարտություն կրելու հոգեբանական հետևանքները և կրկին բարձրաձայնել իր ազգային պահանջների մասին։

– 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները գործող իշխանությունների կողմից օգտագործվեցին որպես ապացույց այն բանի, իբր ժողովուրդն աջակցում է այսպես կոչված «խաղաղության դարաշրջան բացելու» իրենց օրակարգը։ Սակայն անցած մեկ ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ նման բան գոյություն չունի։ Ճիշտ հակառակը՝ հիմա արդեն ակնհայտ է, որ Նիկոլն իր այդ քաղաքականությունը շարունակելու մանդատ չունի։ Ավելին՝ բողոքի այս ակցիաները հիմնովին ապալեգիտիմացրին խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները։

– Հստակ երևաց, որ ժողովուրդը վերջնականապես հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից և նրա քաղաքական թիմից։

– Հանրային դիսկուրսի ընթացքում վերջնականապես ձևավորվեցին այն առաջնահերթությունները, որոնք պետք է ընկած լինեն հայկական պետականությունների հիմքում։ Հիմա արդեն չկա ընտրություն անվտանգության և սոցիալական արդարության միջև։ Ժողովուրդը պահանջում է և մեկը, և մյուսը։

– Բացահայտվեցին Հայաստանում գոյություն ունեցող բոլոր ստերն ու կեղծիքները։ Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը փակում է պոպուլիզմի էջը և իր էլիտաների առջև դնում շատ հստակ խնդիրներ։

– Հայկական քաղաքական էլիտան զգալիորեն երիտասարդացավ։ Կարելի է ասել, որ տեղի է ունեցել քաղաքական իրական սերնդափոխություն։ Ավելին՝ նոր ձևավորվող էլիտան հաղթահարեց առաջին փորձությունները՝ ապացուցելով իր կենսունակությունը։ Ներկայումս ընթանում է փորձի կուտակման բավական կարևոր գործընթաց։

– Հայ ժողովուրդը վերագտավ իր սուբյեկտայնությունը։

– Ամբողջությամբ կազմաքանդվեցին գործող իշխանության քաղաքական և սոցիալական հիմքերը, ինչը թույլ է տալիս վստահ ասել, որ Փաշինյանի կառավարությունն այլևս ապագա չունի։։

Եվ սա դեռ ամենը չէ։ Ներկայումս Դիմադրության շարժումը թևակոխղում է ակտիվության նոր փուլ, որի կուլմինացիան, ամենայն հավանականությամբ, կլինի հունիսի 3-ին՝ ԱԺ արտահերթ նիստի օրը։ Մայիսի 28-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը շատ կոնկրետ հարց դրեց քաղաքական ուժերի և ընդհանրապես՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առջև՝ կո՞ղմ եք արդյոք Արցախը Ադրբեջանին հանձնելուն և Հայոց ցեղասպանության հարցը մոռանալուն։ Կողմ, թե՞ դեմ։ Ահա այն հարցը, որին, ըստ Դիմադրության շարժման առաջնորդների, մինչ հունիսի 3-ը պետք է պատասխանի յուրաքանչյուր ոք։ Հունիսի 3-ն էլ, ի դեպ, ջրբաժանի օր է հայտարարված։ Թե ինչ զարգացումներ կհետևեն քաղաքական այդ իրադարձությանը, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում հիմա արդեն կարելի է վստահ լինել, որ Հայաստանը կանգնած է մեծ փոփոխությունների նախաշեմին, ինչն էլ թույլ է տալիս հուսալ, որ մեր ժողովրդին այնուամենայնիվ կհաջողվի փակել 2020թ. նոյեմբերի 9-ից սկիզբ առած խայտառակ պարտությունների այս էջը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում