Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի․ Արեգնազ Մանուկյան

Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի․ Արեգնազ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, Times․am: Հայ ժողովուրդը և մեր երկիրը դավաճանվել են, ստի ու կեղծիքի զոհ դարձել: Սրանք իշխանության եկան մեր պատմությունը, մեր հերոսներին կեղծելով: Խոսում էին թալանից, բայց այնպիսի թալանի ենթարկեցին Հայաստանն ու Արցախը, ինչպիսին որ հայ ժողովուրդը երևի մոնղոլ-թաթարական արշավանքների ու օսմանյան կայսրության օրոք է տեսել: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, փոխանցում է Yerevam.Today.am-ը։

«Նիկոլ Փաշինյանը տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցությունները, Հայաստանին ու Արցախին մենակ թողեց մեր թշնամիների դեմ, հնարավորություն տվեց Թուրքիային ու Ադրբեջանին հարձակվել: 44-օրյա պատերազմն ու դրա արդյունքները դավաճանության, հիմարության, դիլետանտության համադրություն էին: Արդեն կան հաշվարկներ, թե որքան վնաս է տվել Նիկոլը մեր երկրին: Խոսքը միայն մարդկային կյանքերի ու տարածքների մասին չէ: Եթե ֆինանսական լեզվով ասենք, ապա խոսվում է ավելի քան 100 միլիարդ դոլարի մասին:

Ժողովո՛ւրդ ջան, պատկերացրե՛ք: Թալանից խոսողները մեր ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից ավելի: Կրկնում եմ՝ 100 միլիարդ դոլար»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը նշեց, որ Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերի համար ծախսվել էր շուրջ 35 միլիարդ դրամ:

«Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլար: Մեր կորուստները նյութական ու հոգևոր ոլորտից են, էլ չհաշված ապագայի կորուստները, որ սրանց պատճառով ենք ունենալու: Այս ամենի հանրագումարը 100 միլիարդ դոլար է: Ամենահամեստ հաշվարկներով: Ահա սա՛ է թալանը: Սրանք հայ ժողովորդին թալանեցին ու հիմա էլ ուզում են մնացածը հանձնել, որպեսզի փրկեն իրենց կաշիները՝ կեղծ խաղաղասիրական քարոզի ներքո: Թո՞ւյլ ենք տալու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում