Փաշինյանը կհարցաքննվի, դատախազը ցուցում է տվել. Ռաֆայել Վարդանյան

Փաշինյանը կհարցաքննվի, դատախազը ցուցում է տվել. Ռաֆայել Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, Times․am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի դիմաց են, այս մասին փոխանցում է Փաստինֆո-ն։

5 օր առաջ զինծառայողների ծնողները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, դիմել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հանդիպում պահանջել։

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը չի ընդունել զոհված զինծառայողների հարազատներին. Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ՔԿ-ի դիմաց հավաքված հարազատներին ասել է, թե Քյարամյանը տեղում չէ։

«Ես հրաժարվում եմ պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Բոլոր հարցերով դիմեք Քննչական կոմիտեի լրատվական բաժին»,-հորդորեց ՔԿ պաշտոնյան և ավելացրեց, որ ինքն ընդամենը եկել է ծնողների հետ հանդիպման։

Թեև պաշտոնյան մեջքով կանգնեց լրատվամիջոցներին, սակայն լսելի էր, որ ծնողներին ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը չի կարող հանդիպել պարզ պատճառով՝ «Տեղում չէ»։

Ռաֆայել Վարդանյանը վստահեցրեց, որ զոհված զինծառայողների ծնողների հետ կապ են պահում, կզանգահարեն լրացուցիչու հանդիպման համար կպայմանավորվեն։

Այնուամենայնիվ ծնողներին անհանգստացնող միակ հարցն էր. «Վերջապես լինելու՞ է Փաշինյանի հարցաքննություն, թե՝ ոչ»։

«Այո՛, հարցաքննվելու է, դատախազի կողմից կա ցուցում»,-հայտարարեց ՔԿ պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում