ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը ՄԽ համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը. Միրզոյան

ԵԱՀԿ պետությունների մեծամասնության կողմից ընդգծվել է ԼՂ կոնֆլիկտը ՄԽ համանախագահության ձևաչափում կարգավորելու անհրաժեշտությունը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, Times․am: Ստոկհոլմում դեռ նախորդ տարի ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում՝ ներկայացնելով ԱԳՆ 2021 թվականի գործունեությունը:

«2021 թվականին ԱԳՆ-ն աշխատանքներ է իրականացրել ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների և կառավարության ծրագրի իրականացման, բարեփոխումների և զարգացման օրակարգի խթանման, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, ՀՀ պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման և տարածքային ամբողջականության վերականգնման, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման, 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների հաղթահարման նպատակով: Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո»,-ասաց Միրզոյանը՝ վստահեցնելով, որ սա ակնհայտորեն իր ուղղակի անդրադարձն է ունեցել ՀՀ ԱԳՆ-ի ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում ԱԳ նախարարի և մյուս պաշտոնյաների առանց բացառության բոլոր հանդիպումների բովանդակության և ընթացքի վրա:

Նա վստահեցրեց, որ քննարկումների ձևաչափի առումով հայկական կողմի համար հատուկ կարևորություն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Շուրջ 1-ամյա դադարից հետո շահագրգռ պետությունների դիրքորոշման, հայկական կողմի հետևողական աշխատանքի շնորհիվ 2021-ի սեպտեմբերին Նյու Յորքում, ապա նոյեմբերին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ: Վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև սադրանքների և հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը:

Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները միմյանց հանդիպել են նաև հոկտեմբերին Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը:

«Նախքան հնգակողմ հանդիպումը, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,-ասաց ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում