«Ֆրանսիայի հրապարակից դուրս գալու, վրանները հանելու որոշում չունենք». Իշխան Սաղաթելյան

«Ֆրանսիայի հրապարակից դուրս գալու, վրանները հանելու որոշում չունենք». Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, Times․am: ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ շարժման սկզբից մինչև 35-36-րդ օրերը բերման է ենթարկվել մոտ 2500 քաղաքացի, փոխանցում է 168.am-ը:

«Այս ընթացքում ձերբակալվել է 48 արժանապատիվ քաղաքացի, որից 27-ն արդեն կալանքի են, և մի քանի գործեր դեռ քննարկվում են: Նաև կան հարուցված մի քանի քրեական գործեր, որ տարբեր քաղաքացիների առաջադրվել է մեղադրանք: Այս տվյալներն ասում եմ, որ դուք հասկանաք իշխանությունների խուճապը: Հայաստանի նորանկախ պատմության մեջ այս ծավալի ռեպրեսիաներ չեն եղել»,- ասաց նա՝ ընդգծելով՝ որևէ բռնի ուժ, որևէ ճնշում, ձերբակալում, կալանավորում ընդդիմադիր շարժումը կասեցնել չի կարող:

«Բայց իմ հրապարակած թվերին զուգահեռ՝ որևէ ոստիկան մինչև այս պահը չի ձերբակալվել: Հետևաբար՝ դիմում եմ գլխավոր դատախազին, կան հստակ հրապարակված փաստեր և ապացույցներ, որոնք ամբողջությամբ բավարար են անմիջապես քայլեր ձեռնարկել և ապօրինություններ գործած ոստիկաններին տանել ձերբակալման, հակառակ պարագայում դուք ձեր քայլերով և գործողություններով նպաստում եք նոր բռնությունների»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ բոլոր այն ոստիկանները, ովքեր չունեն տարբերանշաններ, ոստիկանի հագուստով հանցագործներ են. «Այդ մարդիկ ղեկավարվում են այլ տեղերից: Գլխավոր դատախազությունը պարտավոր է կոնկրետ և հստակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»:

Նա ասաց, որ տեղեկություններ են ստանում, որ տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ խնդիրներ են ստեղծում այն ուսանողների համար, ովքեր դասադուլի օրերին բացակայել են դասերից և մասնակցել ցույցերին. «Մենակ դուք էիք մնացել սրան ծառայելու, սրա իշխանությունը պահելու: Խելքի եկեք, վերջ տվեք ուսանողների նկատմամբ ճնշումներին, հակառակ դեպքում՝ հերթով կգանք ձեր հետևից: Իսկ ուսանողներին կոչ ենք անում անմիջապես կապ հաստատեն մեզ հետ և հստակ ներկայացնեն այն բուհերի ղեկավարների կամ դասախոսների անունները, ովքեր ճնշում են գործադրում մեր արժանապատիվ, հայրենասեր երիտասարդների նկատմամբ»:

Նա ընդգծեց՝ հունիսի 3-ը ջրբաժան էր նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ պետություն, հայրենիք, և նրանց միջև, ովքեր ուզում են հայրենիքը կտոր-կտոր հանձնել թշնամուն. «Հետևաբար՝ մեր գետը պետք է ավելի հունավորել և ավելի մեծ թափով առաջ տանել, իսկ դրանց առվակը՝ չորացնել»:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններն ինքնանպատակ չեն. «Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք: Որևէ բան ինքնանպատակ չէ. մենք տեղադրել ենք վրանները, 24-ժամյա ռեժիմով կազմակերպել ենք մեր պայքարը, այս պահին գտնում ենք այս ձևն արդյունավետ, հետևաբար՝ վրանները հանելու որոշում չկա: Այս պահին արդյունավետ է այն, ինչ մինչև հիմա արել ենք, այսպես շարունակում ենք: Երբ կգտնենք, որ մարտավարություն փոխելու կարիք կա, կգնանք այդ ուղղությամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում