Կաթողիկոսի եղբորորդու՝ կաշառքի գործով մեղադրյալ դատախազի գործով 4 անձ է կալանավորված

Կաթողիկոսի եղբորորդու՝ կաշառքի գործով մեղադրյալ դատախազի գործով 4 անձ է կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, Times․am: Բարձրագույն դատական խորհուրդը որևէ մեկնաբանություն չի տալիս Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի գործով։ Այս մասին 24News-ին ասաց ԲԴԽ աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

Նշվում է նաև, որ այս քրեական գործում ներգրավված են Արմավիրի մարզի 2 դատավոր՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանը, դատավոր Արթուր Ադամյանը։ Դատախազի տեղակալը, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, մեղադրվում է ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու հարցում պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք (2 մլն 500 հազար դրամ) վերցնելու մեջ։ Տեղեկություններ կան, որ դատախազի տեղակալը դատավորներ Հովհաննիսյանին և Ադամյանին է միջնորդել մեղմ պատիժ նշանակելու հարցում։

ԲԴԽ մամուլի խոսնակն ասաց, որ նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ԲԴԽ իրավասու չէ որևէ մեկնաբանություն տալ։ Շաբոյանը նաև չասաց՝ արդյո՞ք ԲԴԽ թույլ տվել է դատավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսել, նրանց հետ կապված քննչական գործողություններ իրականացնել։

24News-ը նաև մեկնաբանության համար փորձեց կապ հաստատել Դատավորների ընդհանուր միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի հետ, սակայն չհաջողվեց։

Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը 24News-ին ասաց, որ դատարանը բավարարել է ՀԿ քննիչի՝ դատախազ Կորյուն Ներսիսյանին և այս գործով ևս երեք անձի կալանովորելու միջնորդությունը․ «Կալանավորված են կաշառք տվողը, կաշառք ստացողը և կաշառքը տալուն օժանդակող անձինք»։

Մեղադրյալների մեջ չկան դատավորներ։ «Նախաքննությունը շարունակվում է», – նշեց Օհանջանյանը։

Հակակռուպցիոն կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Կորյուն Ներսիսյանը, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ և քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները: «Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա սահմանված կարգով ազատվել պատժից: 2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել և Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 460.000 ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, ով նույն օրը գումարը կանխիկացրել և Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում