Կադիրովը քննադատել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին

Կադիրովը քննադատել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, Times․am: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան իր ալիքում քննադատել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների նկատմամբ նրանց վերաբերմունքի համար։

Նրա խոսքերով, ՀԱՊԿ-ից Ռուսաստանը ոչ մի օգուտ չունի, մինչդեռ Մոսկվան օգնում է բոլորին։

«Եվրոպական երկրների ղեկավարները գալիս են Պուտինի մոտ, բանակցություններ են վարում հեռախոսով, պաշտպանում են Ուկրաինայի շահերը, իսկ մեր ՀԱՊԿ անդամները․․․դուք ինչո՞ւ եք լռում։ Ինչո՞ւ չեք խոսում ձեր հարևանների հետ, ինչո՞ւ ջանք չեք ներդնում պատերազմը դադարեցնելու համար։ Ինչո՞ւ դիրքորոշում չունեք ազգայնականների, ֆաշիստների դեմ, որոնք սպանել են մեր նախնիներին, իսկ հիմա վախենալով պատժամիջոցներից լռում եք, կարծես ոչինչ չի եղել»,-ասել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը հիշեցրել է, որ ինքը նույնպես գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, սակայն չի վախենում իր նկատմամբ կիրառվող սահմանափակումներից։

Կադիրովի խոսքերով, Ռուսաստանը փրկել է Ղազախստանին, Բելառուսին, առանցքային դերակատարում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի լուծմանը։

«Երբ Ղազախստանը կորցնում էր իր սուվերենիտետը, ո՞վ օգնեց, իհարկե Ռուսաստանը, առանց վախենալու պատժամիջոցներից։ Եվ եթե հիմա անհրաժեշտ է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, ճանաչեք, եթե չճանաչեք, մեզ դա քիչ է հետաքրքրում»,-ասել է նա։

Ավելի վաղ, Ղազախստանի նախագահ Տոկաևը Պետերբուրգյան տնտեսական միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել էր, ոչ չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ 

Տոկաևը բացատրել է, որ ցանկացած ազգի սեփական պետություն ունենալու իրավունքն ու արդեն գոյություն ունեցող պետությունից անջատվելու ցանկությունը կհանգեցնի աշխարհի բաժանմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում