Նիգավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասավ 3-ի

Նիգավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասավ 3-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, Times․am: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության եւ կրակոցների հետեւանքով մահացած քաղաքացիների թիվը հասավ 3-ի։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, հողաթափեր, բոթաս, ակնոց, փայտ, որսորդական կրակված պարկուճներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է:

politik.am կայքի տեղեկություններով Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

ՀՀ ոստիկանությունից էլ հայտնում են, որ Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է:

«Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին’ պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- հայտնում են ոստիկանությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում