Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություննե՞ր են սպասվում․ «Հրապարակ»

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություննե՞ր են սպասվում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ գործընթացներ հուշում են, որ իշխանությունները գնում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Գործող ավագանին ընտրվել է 2018- ի սեպտեմբերին, երբ սեւ ու սպիտակի քարոզարշավով Փաշինյանը Հայկ Մարությանի համար զավթեց մայրաքաղաքը, ապա 3 տարուց փոշմանեց եւ հեռացրեց պաշտոնից։

Սակայն 2018-ին ընտրված ավագանու լիազորությունների ժամկետը լրանում է եկող տարվա՝ 2023 թվականի սեպտեմբերին, մինչդեռ իշխող «Քաղպայմանագրի» մի խումբ պատգամավորներ արդեն խորհրդարան են բերել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ, որի մեջ ներառված է նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնում» փոփոխությունների նախագիծ։ Առաջարկում են ավագանուն օրենքով ինքնալուծարվելու հնարավորություն տալ, ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանն ու թիմը չեն ուզում մեկուկես տարի սպասել եւ հնարավոր է՝ գնան արտահերթ ընտրությունների։

Իշխանական շրջանակներում թերեւս հասկացել են, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, քանի դեռ իշխանությունը փոքր-ինչ վարկանիշ ունի, պետք է օգտագործել բոլոր լծակները։ Իսկ Երեւանը, որպես կանոն, ընդդիմադիր է, եւ այստեղ հաղթելը հեշտ չի լինելու, գնալով էլ բարդանալու է։

Նախագծի համահեղինակներ Վահագն Հովակիմյանը, Արփի Դավոյանը, Հակոբ Ասլանյանն ու Արմեն Խաչատրյանն առաջարկում են վերոնշյալ օրենքի «Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու» միջոցները եւս մեկով համալրել, այն է՝ «ավագանին՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ինքնաարձակման մասին որոշում է կայացրել» արտահայտությամբ։

Գործող օրենսդրությամբ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվում են, երբ քաղաքապետն ինքնակամ հրաժարական է տալիս, իսկ ավագանին երկու անգամ նոր համայնքապետ չի ընտրում։

Իշխանությունների այս քայլն ուշագրավ է նաեւ այն առումով, որ քաղաքապետի տեղապահ Հրաչյա Սարգսյանը, ըստ էության, թիմի մարդ է համարվում, նրան քաղաքապետ դարձրին անցած տարեվերջին, երբ Փաշինյանն ավագանուն հրահանգեց անվստահություն հայտնել Հայկ Մարությանին։ Ինչից ենթադրվում էր, որ ցանկացած պահի նրան կարող էին ասել՝ դիմում գրիր, սակայն ներկայացված փոփոխությունների փաթեթը կնշանակի, որ Սարգսյանը չի ցանկանում վաղաժամ լքել պաշտոնը՝ ինքնակամ դիմում գրելով։

Մյուս կողմից՝ ավագանին այս պահին չունի քաղաքապետին անվստահություն հայտնելու լիազորություն, քանի որ ընտրվելու պահից մեկ տարի քաղաքապետն անձեռնմխելիություն ունի։ Ուստի որոշել են ավագանուն ինքնալուծարվելու հնարավորություն տալ, որ, նախ՝ իրենց ուզած պահին գնան ընտրության, երկրորդ՝ չի բացառվում, որ նման փոփոխությունը պարզապես որպես մահակ են պահում Հրաչյա Սարգսյանի գլխին, որ հերթական ընտրություններից՝ 2023- ից առաջ խաղեր չտա այլ ճամբարների հետ։ Չէ՞ որ ունի անձեռնմխելիություն եւ տնօրինում է համայնքային ռեսուրսները, եւ Սարգսյանը կարող է ընտրություններն իշխանությունների համար անակնկալ հունով տանել։

Իսկ իշխանության քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ինչի մասին «Քաղպայմանագիրն» «ավետեց» դեռ ամիսներ առաջ։ Այդ պահից սկսած՝ Ավինյանը, կարելի է ասել, նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ ակտիվ հանդիպումներ է ունենում կուսակցության երիտասարդների հետ եւ այդ մասին հրապարակումներ է անում սոցիալական հարթակներում: Այցելում է վարչական շրջաններ, հանդիպում թաղապետարանի աշխատակիցների հետ, թաղապետարաններն ու քաղաքապետարանի կադրային բազան համալրել է իր մարդկանցով, այցելում է բուհեր, հանդիպում արվեստի, սպորտի բնագավառների ներկայացուցիչների հետ, մեդալներ ու պարգեւներ շնորհում, մի խոսքով՝ լրիվ քաղաքապետի գործառույթներ է իրականացնում։

Հետաքրքրական է, որ քաղաքապետարանում անակնկալի եկան իշխող խմբակի նախաձեռնած օրենսդրական այս փոփոխությունից։ Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը զարմացած պատասխանեց, թե իրեն հայտնի չէ փոփոխությունների մասին, բառացի կարդացինք լրացվող հոդվածը՝ հարցնելով, թե սա արդյոք արտահերթ ընտրությունների համար հող չի՞ նախապատրաստում։ Փոխքաղաքապետն ասաց, որ ինքն անձամբ պետք է կարդա, որ հասկանա։

Արտահերթ ընտրությունների տրամադրություններ կա՞ ն։ «Այս պահի դրությամբ՝ ոչ։ Նորմալ աշխատանքային հունով գնում ենք»,- ասաց Հովհաննիսյանը։ Նախագծի համահեղինակ Հակոբ Ասլանյանն էլ փորձեց վստահեցնել, թե արտահերթի համար չեն անում վերոնշյալ լրացումը։ Իսկ ինչի՞ համար եք անում։ «Որովհետեւ չի կարելի օրենքը կիսատ թողնել, մենք այսօր բախվել ենք մի իրավիճակի՝ հենց օրենքը կիսատ լինելու համար։ Օրինակ, մինչեւ հիմա ԱԺ-ից բացակայությունների վերաբերյալ որեւէ նախադեպ չունենք, որ այդքան բացակայությունների դեպքում ոնց է զրկվում պատգամավորը մանդատից։ Հիմա մենք մտածում ենք՝ ոնց պետք է արվի, որ ․․․ հիմա մենք եթե զրկենք, նրանք էլ դիմեն Սահմանադրական դատարան, էս անեն, էն անեն․․․ Եթե օրենքը կիսատ չլիներ, չէինք փորձի լրացնել»,- ասաց ՔՊ-ականը։

Փորձեցինք հասկանալ, թե Երեւանի մասին ՏԻՄ օրենքում որ կիսատն են ուզում լրացնել։ Որ ավագանին ինքնալուծարման մասին որոշո՞ւմ կայացնի։ «Հա, իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ»,- ասաց պատգամավորը՝ կրկին նշելով, որ ավագանու արտահերթ ընտրությունների համար չեն անում։

ՀԳ․ Ընդդիմադիրներն էլ են պատրաստվում Երեւանը գրավել՝ բոլորը հասկանում են, որ Երեւանում հաղթանակը կնշանակի իշխանության 50 տոկոսն ունենալ։ Ընդդիմության շարքերում թեկնածուների պակաս չկա՝ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի անունն է շրջանառվում, Արթուր Վանեցյանի, Տարոն Մարգարյանի։ Անգամ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգն է հայտարարել առաջադրվելու մասին։ Այլ հետաքրքիր խաղացողներ էլ են սպասվում, սակայն ընդդիմությունը հաջողություն չի ունենա, եթե միասնական թեկնածուով հանդես չգա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում