Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկի մոտ դրական դինամիկա կա

Ապարանի արյունալի միջադեպով վիրավորներից մեկի մոտ դրական դինամիկա կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, Times․am: Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորներից մեկի մոտ մի քիչ դրական դինամիկա կա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

Հունիսի 19-ին Նիգավան գյուղի մոտ կրակոցներից հետո «Արմենիա» բժշակական կենտրոն էին տեղափոխվել 3 երիտասարդ, որոնցից մեկը, որը գլխուղեղի ծանր վնասվածք էր ստացել, մահացել էր ԲԿ-ում:

Վիրավորներից մեկն էլ է ստացել գլխուղեղի ծանր վնասվածք և ծայրահեղ վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, թոքից բեկոր է հեռացվել, նույնպես վերակենդանացման բաժանմունքում է։

Վերջինին, ըստ Կուրղինյանի, անջատել են արհեսատական շնչառության սարքից, ինքն իրենով շնչում է։ «Մյուսը մնում է նույն ստաբիլ ծայրահեղ ծանր վիճակում», – հավելեց «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։

Ոստիկանությունը Նիգավանի մոտ տեղի ունեցածը որակել էր որպես «կենցաղային հարցի շուրջ ծագած վեճ»՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, որ վեճի պատճառը եղել է քաղաքական՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների և հակադրվողների միջև, նույն այդ տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հեղինակները Փաշինյանի կողմնակիցներն են։ Տեղեկությունների համաձայն՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ և Կալաշնիկով տեսակի ինքնաձիգներով կրակել նրանց վրա։ Ասատրյանն ու Փարվանյանը հերքել են իրենց հարազատների մասնակցությունն այս միջադեպին։

Երեկ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:

Ըստ ՔԿ-ի՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: «Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է», – նշված է հաղորդագրության մեջ:

Վիրավորումից մահացածներից մեկն էլ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի ազգականն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում