Ո՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա. ում նկատի ունի Գագիկ Ջհանգիրյանը. «Ժողովուրդ»

Ո՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա. ում նկատի ունի Գագիկ Ջհանգիրյանը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանն օրերս հրավիրված ասուլիսին հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Հասարակությունն ու մասնագիտական համայնքը հիմնականում սեւեռված է ձայնագրության մեջ հնչող հայհոյանքների ու գաղտնի ձայնագրելու փաստի վրա ու երկու կողմերի ճիշտն ու սխալն է քննարկում, այնինչ կարեւորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում։

Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ «Չգիտեմ։ Իրանց հրահանգն արդեն ուրիշ տեղից ա գալիս։ Էդ մարդը չի տալու, իրան էլ են հրահանգ տալու, ես չեմ կարա։ Ես քո առաջ եմ գառանտ։ Ինչ կարացել, արել եմ, որ քո ասած ժամկետը, դեմքը պահես»,- ձայնագրության մեջ ասում է Ջհանգիրյանը, ինչն էլ մի շարք հարցեր է առաջ բերում։

Ո՞վ և ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։ Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ի՞նչ հիմունքներով է իրականացվում, գրավո՞ր, թե՞ բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալո՞ւ է այն։ Սրանք բոլորը հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում