Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերում. Զախարովա

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մոտեցրել են դիրքորոշումները մի շարք հարցերում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, Times․am: Ռուսաստանը ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին:

«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ: Ինչպես գիտեք՝ հունիսի 3-ին տեղի էր ունեցել աշխատանքային խմբի հերթական՝ 10-րդ նիստը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերում: Քննարկումները շարունակվել են հունիսի 16-17-ին Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: Ռուսական կողմը կշարունակի սերտ աջակցություն ցուցաբերել տվյալ գործընթացին», – ասաց Մարիա Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում