Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան

Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, Times․am: Ես հենց սկբից ասել եմ, որ եկել եմ Ազատության հրապարակ, որպեսզի իրականացնեմ անժամկետ իրազեկման ակցիա։ Ես ասել եմ, որ իրազեկման ակցիայի վերջում պիտի հասնենք նրան, որ Նիկոլ Փաշինյանը և կառավարող ուժը հեռանան, ձևավորվի նորմալ, ազգային շահերը սպասարկող կառավարություն, որը պիտի կարողանա լուծել բոլոր այն խնդիրները, որոնք կան, «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախխագահ Արթուր Վանեցյանը։

«Իրազեկման ակցիան սկսվեց շատ փոքր թվով մարդկանցով, հետագայում վերածվեց ավելի մեծ պայքարի, ու փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր մարդիկ։ Ի դեպ, երբ ես Ազատության հրապարակում էի, այնտեղ արդեն կային նստացույց անող մարդիկ, օրինակ՝ «Սև հովազ» ջոկատի տղաները։ Հետո եկան հացադուլ անող երկու երիտասարդները, հետո «5165»-ը, հետո մյուսը, մյուսը ու, բոլորով միավորվելով Ֆրանսիայի հրապարակում, սկսվեցին արդեն ամենօրյա ակցիաները։

Ես չեմ համարում, որ ձախողվել ենք ու որ այլևս ոչինչ չպետք է անենք։ Ավելին, ես շարունակելու եմ պայքարել․ պայքար, որը տանելու է մեր հիմնական նպատակին։ Ես ուզում եմ ֆիքսել, որ իմ նպատակը ոչ թե բացառապես Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ իմ նպատակն է ունենալ անվտանգ Հայաստան ու Արցախ։ Սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր ուժն են իշխում, մենք այդ նպատակին միանշանակ չենք կարողանալու հասնել»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում