Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ

Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, Times․am: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունիսի 11-ին կալանավորվել է կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին՝ դատախազ Կորյուն Ներսիսյանը։ Վերջինիս փաստաբանները բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ փաստաբանների բողոքը մերժվել է։ Ներսիսյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում