Գրպանահատություն՝ 33 համարի ավտոբուսում․ տեսախցիկները տեղադրված են, սակայն միացված չեն

Գրպանահատություն՝ 33 համարի ավտոբուսում․ տեսախցիկները տեղադրված են, սակայն միացված չեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, Times․am: Հուլիսին 4-ին 24News-ին էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ 33 համարի ավոտբուսի (4530 S պետհամարանիշով) միջից գրպանահատը գողացել է իր դրամապանակը։

Ըստ նրա՝ ավտոբուսում ամրացված է եղել տեսախցիկ, սակայն ոստիկաններին չի հաջողվել օգտագործել որևէ տեսագրություն, քանի որ տեսախցիկը միացված չի եղել։

Անդրադառնալով դեպքին՝ 24News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն ասաց, որ 33 համարի ավտոբուսում տեղադրված է տեսախցիկ, սակայն դեռևս միացումներ չեն տրվել՝ տեսագրում ապահովելու համար, իսկ տեսախցիկների միացումներ տալը նախատեսված է 100 դրամանոց արկղերի տեղադրմանը զուգահեռ։ Ըստ նրա՝ սա ժամանակավոր լուծում է լինելու մինչեւ հիմնական միասնական վճարային համակարգի ներդրումը։

«Տեսախցիկների գործարկումը և այդ արկղերի տեղադրումը միաժամանակյա բնույթ են կրելու, որպեսզի նաև վերահսկենք հնարավոր նեգատիվ երևույթները, այդ թվում՝ գողությունը, նաև որ վարորդները վերցնում են գումարը, և այն կասսա չի մուտքագրվում։ Գազելների և այլ ավտոբուսների դեպքում էլ է այդպես արվել։ Կոնկրետ ժամկետներ այս պահին չեմ կարող ասել, որովհետև դա ոչ միայն մեզնից կախված չէ, այլև ընթացակարգեր կան և այլն։ Բայց մենք նախատեսում ենք, որ մեր կարմիր ավտոբուսներն էլ են անցում կատարելու այդ ժամանակավոր ալտերնատիվ համակարգին, մինչեւ արդեն գործարկվի մեր հիմնական միասնական վճարային համակարգը», – ասաց Տարոն Գևորգյանը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի պոլիկլինիկայի դիմացի կանգառում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում