Դիմակավորված անձինք կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերը, ծեծել և գումար հափշտակել․ տեսանյութ

Դիմակավորված անձինք կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերը, ծեծել և գումար հափշտակել․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, Times․am: Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով հափշտակություն կատարելու վերաբերյալ նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ գրասենյակի ղեկավարը և աշխատակիցը ճանաչվել են տուժող և հարցաքննվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, բժշկական դիմակներով դիմակավորված չորս անձինք մուտք են գործել նշված գրասենյակ և արտճանակի նմանվող առարկայի և դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ կպչուն ժապավեններով և պլաստմասե ամրաններով կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերն ու բերանները, գցել գետնին և ծեծի ենթարկել՝ պահանջելով գումար: Այդ պահին ներս է մտել վերջիններիս ընկերը, ում ևս ծեծի են ենթարկել, որից հետո դիմել են փախուստի՝ հափշտակելով, նախնական տվյալներով, 2 հատ բջջային հեռախոս, ժամացույց, գրասենյակի ղեկավարի անձնագիրը, 70000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար գումար, վարորդական վկայական, ոսկյա զարդեր, 2 հատ էլեկտրոնային կրիչ:

Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասե ամրաններ:

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով՝ նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում