ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը

ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, Times․am: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ու ՀՀ ԱԱԾ տնօրենը քննարկել են հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցը։ «Սպուտնիկ Արմենիա»-ն հաղորդում է, որ տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նա ասել է, որ հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանի հետ։

«Հանդիպման և բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության բովանդակությանը և բնույթին, ընդգծվել է մեր երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունը»,- ասել է Նարիշկինը։

Երկու երկրների համագործակցությունը, նրա խոսքով, դրականորեն զարգանում է տնտեսական, ռազմաքաղաքական և հումանիտար ոլորտներում։ Այս համագործակցության մի մասն է կազմում հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։

«Եվ այսօր իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցերը, համատեղ գործողությունները՝ բացահայտելու և կանխելու արտաքին սպառնալիքների մի ամբողջ շարք՝ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ կապված»,- ասել է Նարիշկինը։

Այս խորհրդատվությունները, նրա խոսքով, շարունակվելու են։ Կողմերը առաջիկա տարիների համատեղ աշխատանքային ծրագիր են կազմում։ Երկու երկրների փոխգործակցության մակարդակը, ըստ նրա, վստահելի է և օգուտ է բերում թե՛ Երևանին, թե՛ Մոսկվային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում