Իշխանությունը պետք է ցույց տա՝ ո՞րն է Արցախի ՊԲ-ի ապագան, ինչպե՞ս են ապահովելու անվտանգությունը

Իշխանությունը պետք է ցույց տա՝ ո՞րն է Արցախի ՊԲ-ի ապագան, ինչպե՞ս են ապահովելու անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, Times․am: Ակնհայտ է, որ Արցախի և ՀՀ-ի անվտանգային միջավայրը շատ փխրուն է և Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման ամբողջ գաղափարը անորոշության մեջ է գտնվում: Արցախի անվտանգության ապահովման համար առաջինը Հայաստանը պետք է անվտանգության երաշխավոր հանդիսանա, այդ առումով, երբ ՀՀ իշխանավորները խոսում են Արցախի պաշտպանության բանակի ապագայի մասին, պետք է ցույց տան, թե ո՞րն է ելքը, ինչպե՞ս են ապահովվելու Արցախի ժողովրդի անվտանգությունը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու համար:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթերի հայտարարության մեջ նշված է, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից, բայց միջազգային հանրությունը, և մեր հայրենակիցները պետք է իմանան, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության ապահովողն Արցախի ՊԲ-ն է եղել, այնուհետև նաև Հայաստանի Զինված ուժերը:

«Ամեն ինչ պետք է անել, որ Արցախի ՊԲ-ն իր մարտունակությունը վերականգնի, Արցախի պահպանությունը կազմակերպվի նաև Արցախի ներսում՝ ԱԱԾ-ի, Ոստիկանական զորքերի հետ միասին մտածեն Արցախի անվտանգության մասին: Պաշտպանության բանակի այլընտրանք գոյություն չունի, այն պետք է գոյություն ունենա և համալրվի ոչ միայն Արցախի զինակոչիկներով, այլ նաև լայն հնարավորություն ընձեռի ոչ միայն ՀՀ-ի, այլ սփյուռքահայության համար ՊՆ պայմանագրային հիմունքներով ծառայելու համար: Այս հանգամանքը պետք է մտածմունքի առարկա լինի ՀՀ-ի համար, ոչ թե առաջինը նորակոչիկների կամ զորակոչիկների Արցախից արագ դուրս բերելը»,- ավելացրեց նա:

Դիտարկմանը, որ եթե Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չլինեն Արցախում, արդյո՞ք վտանգավոր չէ, նոր սպառնալիքներ չե՞ն առաջանա,ՍեյրանՕհանյանը նշեց. «Այս իշխանությունների գոյությունն արդեն իսկ պառնալիք է ՀՀ-ի և Արցախի համար, իրենց անգործությունն անվտանգային միջավայրի վերականգման ուղղությամբ սպառնալիք է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում