La Gazzetta dello Sport-ի լրագրողը՝ Մխիթարյանի խաղի, Չալհանողլուի հետ մրցակցության և հեռանկարի մասին

La Gazzetta dello Sport-ի լրագրողը՝ Մխիթարյանի խաղի, Չալհանողլուի հետ մրցակցության և հեռանկարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 3 տարի «Ռոմայում» անցկացնելուց հետո որոշեց հեռանալ թիմից։ 33-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով 2 տարվա պայմանագիր է կնքել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» հետ։ Մխիթարյանի՝ նոր ակումբում սպասվող հեռանկարի մասին Armsport-ը զրուցել է իտալական La Gazzetta dello Sport-ի լրագրող Մատեո Նավայի հետ, որը կենտրոնացած է «Ինտերի» խաղերը լուսաբանելու վրա։

— Մատեո, ի՞նչ կասեք Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխության մասին։

— Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» ձեռք է բերել խաղացողի, որն անհրաժեշտ էր կիսապաշտպանության գծում և հասանելի էր տրանսֆերային շուկայում անվճար։ Նա փորձառու ֆուտբոլիստ է, որը խաղացել է տարբեր թիմերում։ Բացի այդ, Սիմոնե Ինձագիին պետք էր այդ 4-րդ կիսապաշտպանը մեկնարկային կազմի համար։ Նկատի ունեմ՝ մի խաղացողի, որը կլինի նույն մակարդակի վրա, ինչ Բրոզովիչը, Բարելան և Չալհանողլուն։

— Կարո՞ղ է Մխիթարյանը լինել մեկնարկային կազմի խաղացող՝ հաշվի առնելով, որ նա 33 տարեկան է, իսկ կիսապաշտպանության գծի բոլոր ֆուտբոլիստներն ավելի երիտասարդ են։

— Մրցաշրջանի մեկնարկում Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կլինի պահեստայինների կազմում, քանի որ Հական Չալհանողլուն ավելի լավ գիտի մարզչի պահանջները և արդեն հարմարվել է թիմին։ Բայց ամեն շաբաթ իրավիճակը կարող է փոխվել այս երկու խաղացողների միջև։

— Ո՞ր դիրքում կօգտագործի Մխիթարյանին թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։

— Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սխեմա կընտրի Ինձագին։ 3-5-2 սխեմայի դեպքում նա կխաղա ձախ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Բայց 3-4-1-2 և 3-4-2-1 սխեմայում Մխիթարյանը կփայլի հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում։ Նա ավելի լավը կլինի այդտեղ, քան Չալհանողլուն։ Եթե Բրոզովիչը վնասվածք ստանա կամ որակազրկված լինի, Մխիթարյանը կարող է խաղալ նաև փլեյմեյքերի դիրքում, սակայն Չալհանողլուն և Ասլանին նույնպես կարողանում են խաղալ այդ դիրքում։

— «Ռոման» բաց թողեց Մխիթարյանին, բայց պայմանագիր կնքեց Պաոլո Դիբալայի հետ։ Կարո՞ղ է ստացվել այնպես, որ այս մրցաշրջանում «Ռոման» առանց Մխիթարյանի ավելի շատ տիտղոս նվաճի, քան «Ինտերը» Մխիթարյանի հետ։

— Դեռ վաղ է «Ռոմայի» մասին կարծիք կազմել, քանի որ չգիտենք՝ արդյոք Ձանիոլոյի նման առանցքային խաղացողը կմնա՞ թիմում։ Այս պահին նրանք ավելի ուժեղ են, քան նախորդ մրցաշրջանում։ Բացի այդ, եթե մյուս տրանսֆերները, որոնց մասին խոսվում է, իրականանան, (Ջորջինյո Վեյնալդումը երկրպագուների հույսն է) ապա, անկասկած, Եվրոպա լիգան կամ Իտալիայի գավաթն իրագործելի նպատակներ կլինեն «Ռոմայի» համար։

«Ինտերն» ուժեղ թիմ ունի, չնայած դեռ պետք է սպասել տրանսֆերային պատուհանի փակմանը։ Ակումբի ղեկավարությունը գումարի կարիք ունի, ուստի կարող է վաճառել թոփ ֆուտբոլիստներից մեկին (խոսվում էր Շկրինյարի մասին)։ Եթե այդպես լինի, ապա իրավիճակը կփոխվի։

Բացի այդ, «Ռոմայի»՝ Եվրոպա լիգան հաղթելն ավելի հավանական է թվում, քան՝ «Ինտերի» հաջողությունը Չեմպիոնների լիգայում։ Դե իսկ Մոուրինյուի դեպքում անհնարին ոչինչ չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում