Մեր կուրսի Վահրամը

Մեր կուրսի Վահրամը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, Times․am: 2021թ. աշունն էր։ Երևանյան սրճարաններից մեկում հանդիպել էի Արթուր Աղաբեկյանին։ Երկար զրույցից հետո խոսքը հասավ Հայրիկիս հիշատակին։ Աղաբեկյանը տարբեր բաներ էր հիշում Հայրիկի մասին, պատմում անցած-դարձած օրերից։

– Հադրութում մի երեխա էր վիրավորվել։ Շատ ծանր էր։ Փոքր-մոքր երեխա էր, արյուն էր պետք։ Դե հերդ էլ, գիտես, ջանով կարգին մարդ էր։ Ասեց, որ իրա արյունը բռնում ա։ Գնացինք հիվանդանոց, մի քանի լիտր արյուն տվեց էտ երեխուն, – ծիծաղելով պատմում էր Աղաբեկյանը։ – Հետո էլ ինձ անընդհատ ասում էր՝ էտ երեխուն լավ նայեք, մեջն իմ արյունն ա։ Վահրամ էր անունը։ Լալայան Վահրամ։ Հիմա պատմաբան ա դարձել։

– Լալայան Վահրա՞մ, – հարցրեցի ես, – իմ կուրսեցին էր։ Միասին ենք սովորել։

– Լու՞րջ, – նորից բարձր ծիծաղով հարցրեց Աղաբեկյանը։ – Դե էնա իմացի՝ արյունակից ախպորդ հետ ես սովորել։

* * *

1999թ. ընդունվել եմ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետ։ Մոտ երկու ամիս անց մեր կուրս եկավ մեզանից մի քանի տարի մեծ մի երիտասարդ։ Ֆակուլտետի դեկան Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը ներկայացրեց նրան ու ասաց՝ տղան Արցախից է և որպես ազատ ունկնդիր մասնակցելու է դասերին։

Վահրամը միանգամից հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում։ Նախ, որովհետև Արցախից էր։ Առաջին իսկ դասամիջոցին մոտեցա և հարցուփորձ արեցի, թե որտեղից է, ինչու՞ է որոշել գալ Աստվածաբանության ֆակուլտետ և այլն։ Երկրորդ պատճառը նրա տարիքն էր։ Ւնձ համար անսովոր էր տեսնել, թե ինչպես է, ըստ իմ այն ժամանակվա հասկացության, մեծ մարդը գալիս և պարտաճանաչ աշակերտի պես նստում լսարանում ու դասախոսություններ լսում՝ հընթացս փորձելով առավել շատ նյութ գրի առնել։

Վահրամի հետ խոսելիս՝ նկատեցի, որ նրա գրական լեզուն թույլ է։ Նա, կարծես, տանջվում էր միտքը ճիշտ ձևավորել, և խոսքում անընդհատ բարբառային դարձվածներ ու վերջավորություններ էր օգտագործում։ Դա հիշեցրեց ինձ իմ Երևան տեղափոխվելը։ 1997թ.-ին էր, որ Ստեփանակերտից եկանք Երևան և այն ժամանակ ես իսկապես մեծ դժվարությամբ էի շփվում համադասարանցիներիս և բակի ընկերների հետ։ Թերևս սրանք էին պատճառները, որ Վահրամի հանդեպ ջերմ տրամադրվեցի։

* * *

Վահրամը, սակայն, շատ անտարբեր էր համակուրսեցիների նկատմամբ։ Ոչ մեկի հետ գլուխ չէր դնում, տղաների հետ գրեթե չէր շփվում։ Ակնհայտ էր՝ մենք անհետաքրքիր էինք նրան։ Թերևս, դա մասամբ գալիս էր տարիքային տարբերությունից։ Բայց հիմնականում կրթության հանդեպ իր չափից դուրս հետաքրքրությունից։ Դասերի ավարտից հետո Վահրամը մինչ երեկո մնում էր գրադարանում։ Անընդհատ գրքեր էր կարդում, կոնսպեկտներ պատրաստում և էլի ինչ-որ գրառումներ անում։

Աստծո և աշխարհի մասին Վահրամն իր համոզմունքներն ուներ։ Հաճախ նա անլուրջ էր վերաբերվում նաև դասախոսներին՝ բանավեճի կեսերից հայտարարելով, թե նրանք ոչինչ էլ չեն հասկանում և որ աստվածաբանական համընդհանուր գիտելիքներն ու պատկերացումները իրական ճշմարտության խեղաթյուրված ընկալման արդյունք են։ Իսկ երրորդ կուրսի առաջին կիսամյակում Վահրամը, կարծես, ընդհանրապես կտրվեց իրականությունից։ Նա նստում էր լսարանի վերջում ու բարձր ծիծաղով բացականչում. «Աշխարհի վերջն եկել ա, ստից բաներ եք սովորում։ Էս սաղ անիմաստ ա»։ Նրա այդ ճգնաժամը մոտ մեկուկես ամիս տևեց։ Հետո Վահրամը նորից վերադարձավ գիրք-գրականությանն ու ամբողջ օրը իր կաղ, բայց արագ քայլվածքով լսարանից գրադարան, գրադարանից տուն էր գնում-գալիս։

Մի օր կրկին մոտեցա նրան։ Այդ ընթացքում արդեն իմացել էի, որ Արցախյան առաջին պատերազմում ծանր վիրավորում է ստացել։ Նաև տեղյակ էի, որ Հադրութի շրջանում մարտական գործողությունների է մասնակցել։

– Վահրամ ջան, կպատմե՞ս որտեղ ես կռվել։ Ո՞նց ես վիրավորվել։

– Աաաա, ի՞նչ կռվել է։ Կռվողն իմ ախպերն էր։ Արծիվը։ Ինքը իսկական արծիվ էր, – պատասխանեց Վահրամը, շրջվեց ու արագ հեռացավ։

Բայց նրա այդ խոսքը մտքումս մնաց։ Տարիներ անց Ստեփանակերտի Park Hotel հյուրանոց պատերին գեղեցիկ նկարներ տեսա։ Մոտեցա նայեցի, հեղինակը՝ Արծիվ Լալայան։ Եվս որոշ ժամանակ անց Ստեփանակերտի հրապարակում պատահական հանդիպեցի Վահրամին։ Նրան հարցրեցի, արդյո՞ք եղբայրը նկարից է։ Պատասխանեց՝ այո։ Վահրամին այդ օրը հիշեցրեցի, թե ինչ ակնածանքով նա խոսեց իր ավագ եղբոր մասին՝ ասելով, թե իսկական արծիվ էր։

Վահրամն ընդհանրապես չէր սիրում խոսել իր մասին։ Ոչինչ չէր պատմում։ Հետո եմ իմացել, որ նա ևս երկու եղբայր ուներ՝ Խաչատուրն ու Գառնիկը։ Խաչատուրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում…

* * *

Համալսարանն ավարտելուց հետո Վահրամի հետ գրեթե շփում չկար։ Նրան երեք-չորս անգամ եմ պատահական հանդիպել Արցախում։ Իր սովորական արագ քայլվածքով (Վահրամը նաև կաղում էր) անցնում էր Ստեփանակերտի փողոցով։ Հեռվից տեսա և մոտեցա։ Ինձ թվաց, որ նա շատ ուրախացավ մեր հանդիպմանը։ Հարցրեցի գործերից, ասաց, որ Ստեփանակերտի համալսարանում է դասավանդում։ Տարիներ անց նա ընդհանրապես չէր փոխվում։ Խնդրեց, որ Երևանից իրեն գրքեր ուղարկեմ։ Ասացի, որ մի քանի օր անց նորից եմ գալու Արցախ և հետս բերեցի։ Նորից այդ հանդիպումը շատ կարճ տևեց։ Վերջին անգամ Վահրամին տեսա 2020-ի գարնանը, կրկին Ստեփանակերտում։

Իսկապես չխոսկան էր։ Իր աշխարհում էր ապրում Վահրամը ու միայն գիտությամբ զբաղվում։ Հետո իմացա, որ դարձել է Արցախի «Գր. Նարեկացի» համալսարանի պատմության ամբիոնի ղեկավար։ Ինքն էլ հենց Գրիգոր Նարեկացու գրական և հոգևոր ժառանգությամբ էր զբաղվում։ Մտածում էի՝ Վահրամը ճիշտ իր տեղում է հայտնվել։

* * *

44-օրյա պատերազմին Վահրամն իր հոր և երեք եղբայրների հետ միացել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի ջոկատին և մասնակցել գյուղի պաշտպանությանը։ Այն, որ Վահրամը զոհվել է այդ պատերազմում, ես իմացա ընդամենը երկու օր առաջ՝ Mediamax գործակալության «Լալայանների ներկան, որ մնացել է անցյալում» հոդվածից։ Սիրտս մղկտաց…

«Ոտքի վերեւի մասից էր վիրավորվել, գլխավոր երակն էր կտրվել։ Արյունը, ջրափոսի նման, միանգամից լցվեց։ Մոտ 5 րոպե ձեռքերիս մեջ պահեցի, գիտակցությունը կորցրեց ու միանգամից մահացավ։ Թուրքերը կրակում էին, ես էլ՝ իրենց ուղղությամբ, բայց արդեն մոտեցող գլուխներ էի տեսնում։ Մինչեւ Գառնիկի գալը՝ Վահրամի մարմինը քաշելով, շորերս արյունոտելով տարա, դրեցի մեքենայի մեջ, բայց կար միայն մեկ՝ նրանց մոտով անցնող ճանապարհ, իսկ նրանք խփում էին՝ դիմացից, կողքից։ Մեքենայով գնալը վտանգավոր էր։ Ստիպված մի երկու ժամ մնացինք, թողեցինք, տների արանքով ոտքով դուրս եկանք», – Mediamax-ին պատմում է Վահրամի եղբայրը՝ Արծիվը։

Պատերազմի ավարտից երկու ամիս անց Վահրամի մարմինը գտնում են իր հայրենի գյուղում և ամփոփում Եռաբլուրում…

* * *

Վահրամը… Հիմա արդեն դժվար է խոսել նրա մասին։ Իսկապես դժվար է։ Բարդ ուղի անցած, ամբողջ կյանքում տանջված, բայց արժանապատիվ և նպատակասլաց կյանք ապրած մարդ էր Վահրամը։ Վստահ եմ՝ ինքը գտել էր այն, ինչ փնտրում էր կյանքում։ Վահրամն ուներ իր ճշմարտությունը, իր մեծ սերը և իր ձեռագիրը։ Եվ թող հիշատակն արդարների օրհնությամբ լինի։

Աստված հոգիդ լուսավորի, Վահրամ ջան։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Mediamax գործակալություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում