Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ Արցախի ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովման պահանջով

Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ Արցախի ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովման պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, Times․am: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր հասարակական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են արել՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների կատարման և Արցախի ժողովրդի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու պահանջով, տեղեկացնում է artsakhpress.am-ը։

Ակցիայի կազմակերպիչներից, Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախօրեին՝ վերջին օրերի լարվածության հարցով հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:

«Մենք պահանջել ենք, որ ըստ անհրաժեշտության՝ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ստանձնել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Խաղաղ բնակչութունը հենց այդ տրված երաշխիքների հիման վրա է ետ վերադարձել:

Ադրբեջանա-թուրքական ահաբեկչական մեքենային մենք միայնակ չենք կարող դիմադրել. պահանջվում ենք քաղաքական որոշումներ, որոնք պետք է կայացնեն աշխարհի գերտերությունները, հանձինս՝ Ռուսաստանի, որը ստանձնել է տարածաշրջանի խաղաղության երաշխավորի դերակատարությունը»,- ասել է Ա.Օսիպյանը:

Ակցիայի մասնակից, Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով՝ եթե այսուհետ իրավիճակի լիցքաթափման և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ ռուսական խաղաղապահ ուժերը կտրուկ միջոցներ չձեռնարկեն, ստիպված են լինելու շարունակել բողոքի ակցիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում