Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները չեն թույլատրում. Տեր Հովհաննես

Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները չեն թույլատրում. Տեր Հովհաննես

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Ուխտավորները Դադիվանք չեն կարողանում գնալ, ադրբեջանցիները տարբեր պատճառաբանություններով չեն թույլատրում։ Այս մասին 24News-ին ասաց 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Դադիվանքի վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննեսը։

Անդրադառնալով Բերձոր քաղաքի, Ներքին Սուս և Աղավնո գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու թեմային՝ Տեր Հովհաննեսն ասաց, որ անցյալում արածներից է այս ամենը սկսվել։ «2018 թվականին Մայր Աթոռը 3 օր գերության մեջ էր հայ ժողովրդի, ոչ թե թշնամու կողմից։ Որ հարձակվել էին Մայր Աթոռի վրա, 3 օր Վեհափառ Հայրապետը չկարողացավ մտնել իր գրասենյակ։ Հիմա այդ հարձակման կազմակերպիչները՝ իշխանավորների գլխավորությամբ, պետք է գնան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներողություն խնդրեն Վեհափառ Հայրապետից, խոստովանեն իրենց մեղքերը, մեղքերի թողություն ստանան, օրհնություն ստանան, որպեսզի այս իրավիճակից դուրս գան», – ընդգծեց վանահայրը։

«Մենք պետք է միասնական դառնանք, համախմբվենք։ Եվ ես ցանկանում եմ մեր ժողովրդին 90-ականների սերը և միասնությունը», – հավելեց Տեր Հովհաննեսը։

Վանահայրը դժվարացավ նշել, թե ինչ է պետք սպասել Դադիվանքի ապագայի մասով։ «Չենք կարող ասել, որովհետև այսօրվա իշխանավորները կատարում են Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները։ Մինչեւ 2016 թվականը մտածում էի, որ կարող ենք բարեկամություն անել մեր չակերտավոր հարեւանների հետ։ Բայց 2016 թվականի ապրիլին ադրբեջանական հարձակումն ինձ համոզեց, որ չի լինելու, իսկ 2020 թվականի պատերազմն ինձ լրիվությամբ համոզեց, որ 100 տարի ևս չենք կարողանալու բարեկամություն անել։ Ով որ ասում է, որ «թուրքի հետ հաշտվել ենք և կարող ենք բարեկամություն անել», նա թուրք է», – ասաց նա։

Տեր Հովհաննեսը նշեց, որ վանական համալիրն ադրբեջանական վերահսկողության տարածքում է, նրա տիրապետության տակ, անկախ նրանից, որ ռուս խաղաղապահները վերահսկողություն են իրականացնում այնտեղ։ «Այսօր կղզիացած է Դադիվանքը։ Ինչպես այսօր Քաշաթաղի, Լաչինի դեպքում է, Լաչինի ճանապարհը որ փակում են, եկեղեցիները մնում են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Դե տեսեք, թե ոնց են գայլերի նման հոշոտելու եկեղեցիները», – եզրափակեց Դադիվանքի վանահայրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում