Վիգեն Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր. Հունահռոմեական ոճի ԵԱ

Վիգեն Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր. Հունահռոմեական ոճի ԵԱ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, Times․am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:

Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել իրանցի Ալի Չուբանիի նկատմամբ: Գոտեմարտի ավարտից վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1:1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի, իրանցին հնարք է կատարել՝ վաստակելով 1 միավոր: Որոշումը վիճարկել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, ինչից հետո տրված միավորը չեղարկվել է և հաղթանակը շնորհվել է Հայաստանի ներկայացուցչին:

Վիգեն Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել ղրղզ Նարտու Աբդուրախմանովի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Կարեմ Էլդեսուկիին։ Քառորդ եզրափակչում Նազարյանը 3:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Միկիտա Ալեքսեևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթել էր ղազախ ըմբիշին (9:0):

Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճած Սուրեն Աղաջանյանը եզրափակչում ցավալի պարտություն է կրել իրանցի Սաիդ Էսմաեյլի Լեյվեսիից (6:6)։ Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ Աղաջանյանը հաղթելիս է եղել 6:2 հաշվով, սակայն իրանցի ըմբիշը 4 միավորանոց հնարք է կատարել և հավասարեցնելով հաշիվը՝ հաղթող է ճանաչվել:

Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Բակիթժան Կաբդիլիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 16:7 հաշվով կամային հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ են եղել Կարապետ Մանվելյանը (55 կգ), Արման Վարդանյանը (63 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ), որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում:

Երիտասարդական ԱԱ-ի 72 կգ քաշայինների պայքարում սփոփիչ գոտեմարտ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը, սակայն 1:3 հաշվով պարտվել է ղազախ Մարեյ Մաուլիտկանովին և զրկվել բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Հարություն Կիրակոսյանը (97 կգ), որոնք դուրս են մնացել մեդալային պայքարից:

Ազատ ոճային ըմբիշներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ էին նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե: Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Սերգեյ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում