Վերականգնում, վերականգնում, վերականգնում… այլ հավատամք մեր ժողովուրդը հիմա պարզապես չի կարող ունենալ

Վերականգնում, վերականգնում, վերականգնում… այլ հավատամք մեր ժողովուրդը հիմա պարզապես չի կարող ունենալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր տելեգրամ ալիքում գրում է․

«Բրյուսելում Փաշինյանի հետ կայացած վերջին հանդիպումից հետո Ալիևը, կարծես, գոհ վերադարձավ Ադրբեջան։ Իրենց հռչակած քաղաքական բոլոր նպատակադրումներն իրագործված էին՝ Արցախն ամբողջությամբ դուրս էր թողվել բանակցային օրակարգից, Հայաստանը սկսել էր այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» պատրաստման աշխատանքներ տանել, Ադրբեջանի օգոստոսյան ագրեսիվ գործողությունները «մարսվել» էին Երևանի և միջազգային հանրության կողմից, դե իսկ Քաշաթաղն էլ «բարով-խերով» Մեհրիբանի ծնունդին նվեր էր տրվել։

Բայց հերթական անգամ տեսնում ենք, որ ախորժակն ուտելիս է բացվում։ Շատ հստակ ճշմարտություն կա, որ պետք է լավ իմանալ՝ թուրք-ադրբեջանական դաշինքին խաղաղության պայմանագիր չէ պետք։ Նույնիսկ՝ իրենց համար ամենալավ պայմաններով պայմանագիր։ Նրանց հենց Հայաստանն է պետք, որն էլ փորձում են նվաճել։

Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ որպես այդ նպատակի իրագործման հիմնական խոչընդոտ Ադրբեջանն ու Թուրքիան ընկալում են ոչ թե հայկական պետությունը՝ իր իշխանություններով, զինված ուժերով և բնակչությամբ հանդերձ, այլ Ռուսաստանն ու որոշ չափով Իրանը։ Դրա համար էլ ամեն ինչ այդքան փոխկապակցված է, օրինակ, Ուկրաինայում ռուսական կողմի ունեցած հաջողությունների ու ձախողումների հետ։ Սա իրական ողբերգություն է Հայաստանի համար։

Պետք է անկեղծ լինենք՝ 44-օրյա պատերազմին հետևած երկու տարիների ընթացքում ոչ միայն իշխանությունը ոչինչ չարեց, որպեսզի վերականգնի երկրի ռազմական պոտենցիալը, այլև մեր ժողովուրդը գրեթե ոչինչ չարեց, որ պարտության ու կործանման սիմվոլ դարձած այս իշխանությունները հեռացվեն։ Դե արդյունքն էլ Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի ու այլ բնակավայրերի հրետակոծումն է։ Ամեն ինչ օրինաչափ է։

Մեզ՝ որպես ժողովուրդ և որպես պետություն, վերականգնման ծրագրեր են պետք։ Մենք իրավունք չունենք հույս դնել արտաքին խաղացողների վրա։ Առավել ևս, իրավունք չունենք լինել նրանց ձեռքի մանրադրամը։ Հայ ժողովուրդն այլ առաքելություն ունի այս տարածաշրջանում։ Եվ մենք պետք է հետամուտ լինենք դրան։ Վերականգնում, վերականգնում, վերականգնում… այլ հավատամք մեր ժողովուրդը հիմա պարզապես չի կարող ունենալ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում