Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը

Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Այսօր երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնարավոր է կայանա ՀՀ նախկին նախագահների և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպումը:

Թե ինչ սպասելիքներ կան հանդիպումից հենց եկեղեցու ներսում՝ MediaHub-ը զրուցեց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:

– Այսօր, ըստ մեր տեղեկությունների, նախատեսվում է նախկին նախագահների և Վեհափառի հանդիպումը՝ Մայր Աթոռում, որպեսզի քննարկեն երկում տիրող իրավիճակը։ Ինչպե՞ս եք վերաբերում սրան և այս հանդիպումը որքանո՞վ կարող է օգտակար լինել այս օրհասական պահին։

– Շատ նորմալ եմ վերաբերում և Աստված տա, որ օգտակար լինի։

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ լուծում կարող են գտնել եկեղեցին ու երկրի նախկին ղեկավարները։

-Չեմ կարող ասել, թե ինչ լուծումներ կգտնեն։

-Շրջանառվում է, որ, օրինակ, հնարավոր է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերող առաջնորդը եկեղեցուց որևէ սրբազան լինի, Դուք սա հնարավոր համարո՞ւմ եք։

-Անհնարին ոչինչ չկա աշխարհում, ինչու չէ, հնարավոր համարում եմ։

-Առհասարակ, այս փուլում եկեղեցու դերն ինչպե՞ս եք տեսնում։

-Ցանկացած պատասխանատվություն, որ կհանձնեն եկեղեցուն՝ եկեղեցին կվերցնի։

-Իսկ Դուք պատրա՞ստ եք առաջնորդնել, եթե հարկ լինի։

-Ե՞ս, իսկ ինչո՞ւ ես։

-Իսկ ինչո՞ւ ոչ։

-Եթե, ինչու ոչ, ապա՝ այո, կարող եմ, ինչո՞ւ չէ։

-Ձեր կարծիքով իշխանության և եկեղեցու միջև այս անջրպետը կարո՞ղ էր նպաստել, որ այսպիսի բարդ իրավիճակում մենք հայտնվեինք ու լուծումներն այսքան ուշանան։

-Իհարկե, անջրպետը խանգարում է։ Եկեղեցին չի կարողանում իր ողջ հնարավորություններն օգտագործել հանուն պետականության, որովհետև իշխանությունը չի ուզում շփվել եկեղեցու հետ։

-Այսինքն, եկեղեցին ձեռքը մեկնո՞ւմ է, իշխանությունը հրաժարվո՞ւմ է։

-Եկեղեցին միշտ էլ ձեռքը մեկնել է, այդ ձեռքը երբեք հետ չէր էլ քաշել։ Եկեղեցին միշտ իր համար առաջնահերություն է համարել պետականության հզորացումը։ Հակառակ պետականության վերաբերունքին՝ եկեղեցու հանդեպ, լավ կամ վատ, եկեղեցին պետականության հզորացման կողմնակիցն է և միշտ աշխատում է այդ ուղղությամբ, երբեմն էլ ի վնաս իրեն։

-Դուք անձամբ նեղացա՞ծ եք պետական այրերից։

-Նեղացածվածությունն ի՞նչ կատեգորիա է, որ նեղացած լինեմ կամ չէ։ Նեղացած չենք, վշտացած ենք, այն էլ ոչ թե սուբեկտիվ իմաստով, այլ՝ օբեկտիվ։ Ես այդ մասին բազմաթիվ անգամներ, բազմաթիվ մակարդակների վրա ասել եմ։ Ասել եմ՝ չեք օգտագործում եկեղեցու հսկա պոտենցիալը։ Չեք օգտագործում, այդքան բան։

-Այսօրվա հանդիպումը Ձեզ մոտ հույս առաջացնո՞ւմ է, որ կօգտագործեն։

-Հիմա ո՛չ Վեհափառն է իշխանություն, ո՛չ նախկին նախագահներն են իշխանություն։ Նրանք առաջարկ պիտի ներկայացնեն իշխանությանը, իշխանությունը կընդունի, չի ընդունի՝ այլ հարց է։ Այս իմաստով որևէ հույս, որ իշխանությունը կզարթնի և կհամագործակցի, չկա. փոքր հույս է, իհարկե։

Հետևեք մեզ նաև Telegram-ում