Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց

Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Երեկ ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին ՔԿ ԶՔԳՎ-ում են։ Նրանք հարցաքննվում են՝ վկայի կարգավիճակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝հոկտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ հայրենիք են վերադարձել ադրբեջանական գերության մեջ գտնվող 17 հայ զինծառայող, որոնք գերեվարվել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր 17 զինծառայողի գերեվարումը, որոնց էլ վերադարձրել է։ Մինչդեռ՝ ըստ իրավապաշտպանների՝ գերիների թիվն ավելի մեծ է։ Բացի այդ՝ համացանցում արդեն իսկ տարածվել են տեսանյութեր, որոնք փաստում են, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները արտադատական կարգով գնդակահարում են հայ գերեվարված զինծառայողներին։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հայրենադարձված զինծառայողներից յոթն այս պահին ստացիոնար բուժում են ստանում, դեռևս չեն հարցաքննվել, քննիչներն առաջիկայում կայցելեն նրանց՝ հարցաքննելու նպատակով։ Ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողների վիճակը բավարար է գնահատվում, ստացել են բեկորային թեթև վնասվածքներ, հետևաբար, կկարողանան պատասխանել քննիչների հարցերին։ ՔԿ-ից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։

ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, ԱԽ հայտարարության համաձայն՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Ավելին՝ ԳՇ պետի տեղակալը պաշտոնապես հաստատել է լուրը, համաձայն որի՝ կան մարմիններ, որոնք դեռևս գտնվում են արդեն հակառակորդի տիրապետության ներքո գտնվող դիրքերում և Ադրբեջանը խոչընդոտում է աճյունների դուրսբերման աշխատանքներին։ Ռազմական ագրեսիայից երկու շաբաթ անց ՔԿ-ն հայտնել է նույնականացված 201 զոհի մասին, որից 197-ը՝ զինծառայողներ են, 4-ը՝ քաղաքացիական անձինք։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել էր, որ փաստեր կան ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների դիակները անարգելու, գերիներին խոշտանգելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում