Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը

Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: 2022 թվականի սեպտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտվեց Հայաստանի պատմության մեջ կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր գործարքը. ամբողջությամբ մարվեցին ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) պարտատոմսերի անդրանիկ թողարկումները` 50 մլն ԱՄՆ դոլար և 2.5 մլրդ ՀՀ դրամ ծավալներով: Ամերիաբանկը հանդես էր եկել որպես ԶՊՄԿ պարտատոմսերի տեղաբաշխող և շուկա ստեղծող՝ այդպիսով հերթական անգամ կյանքի կոչելով ՀՀ տնտեսության, մասնավորապես` արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը:

«ԶՊՄԿ-ի պարտատոմսերի ծրագիրը թողարկման ծավալների և ներդրողների մասնակցության տեսանկյունից աննախադեպ նախաձեռնություն էր ՀՀ կապիտալի շուկայի համար: Այս գործարքը ցույց տվեց, որ պարտատոմսերի շուկան ունակ է բավարարել ՀՀ ընկերությունների ֆինանսավորման պահանջները: Դրա մասին են փաստում նաև Ամերիաբանկի կողմից Հայաստանում պատմականորեն իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումները: Վստահ ենք, որ ԶՊՄԿ-ի պարտատոմսերի հաջողված ծրագիրը տեղական ընկերությունների համար կդառնա ուղենիշ՝ կապիտալի այլընտրանքային աղբյուրներից ֆինանսավորում ներգրավելու համար»,- նշում է Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

3 տարի առաջ Ամերիաբանկն իր ներդրումային ծառայությունների շրջանակում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխեց ԶՊՄԿ պարտատոմսերը, որոնց ծավալները մոտ հինգ անգամ գերազանցում էին ՀՀ արժեթղթերի շուկայում նախկինում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխման ծավալները: Պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների կողմից: Տեղաբաշխմանը մասնակցեցին այնպիսի հեղինակավոր միջազգային հաստատություններ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, Եվրասիական զարգացման բանկը:

Տեղական շուկայում մասնակցությունը չսահմանափակվեց միայն ինստիտուցիոնալ ներդրողների շրջանակով (ֆոնդի կառավարիչներ, բանկեր). բազմաթիվ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան իրենց խնայողությունները ներդնել բարձր եկամտաբերություն ապահովող ֆինանսական գործիքներում:
Առաջնային տեղաբաշխումից հետո ԶՊՄԿ պարտատոմսերը ցուցակվեցին և թույլատրվեցին առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում: Ամերիաբանկը դարձավ պարտատոմսերի շուկա ստեղծողը՝ ապահովելով երկրորդային շուկայում գործարքների ակտիվությունը:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում