Այս անգամ Փաշինյանի սուտն անցավ բոլոր հնարավոր սահմանները. Ավետիք Չալաբյան

Այս անգամ Փաշինյանի սուտն անցավ բոլոր հնարավոր սահմանները. Ավետիք Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստի և կեղծիքի հերթական տարափը տեղաց օր օրի նվազող իր համակիրների շփոթահար բազմության գլխին։ Այս անգամ, սուտը անցավ բոլոր հնարավոր սահմանները՝ իր հետագա կապիտուլացիան արդարացնելու մոլուցքում, Փաշինյանը քարուքանդ արեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը, կասկածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, Արցախի Հանրապետության գոյության օրինականությունը և ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, և նույնիսկ, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ Ադրբեջանի մաս (և շեշտեց, որ դա լեզվի պատահական սայթաքում չի)։

Այս ամբողջ սուտը եկել էր արդարացնելու Փաշինյանի 4,5 տարվա անփառունակ գործունեության արդյունքը ՀՀ վարչապետի պաշտոնում, որի ընթացքում նա, կերակրելով իր կողմնակիցներին պայծառ ապագայի մասին սին խոստումներով, իրականում հիմնահատակ ավերեց Հայաստանի անվտանգության ողջ համակարգը՝ բանակը, պաշտպանական ենթակառուցվածքը, դաշնակցային հարաբերությունները, բնակչության հայրենասիրական և մարտական ոգին, հայկական սփյուռքի ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունները, և կանգնեցրեց մեր երկիրը անխուսափելի կորուստների առջև։ Այս կորուստների պատասխանատվությունը Փաշինյանի և նրա մոլի հետևորդների վրա է, սակայն կորուստների ծանրությունը ընկել է և շարունակելու է ընկնել բոլորիս ուսերին, ուստի մենք պետք է կարողանանք ազատվել Փաշինյանի ձախողակ իշխանությունից, և նոր էջ բացենք մեր պետության պատմության մեջ, որը թույլ կտա մեզ հեռանկարում հաղթահարել այդ կորուստները, և դնել մեր ապագա կեցութան և հաղթանակների հիմքերը։

Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առավել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահություն հայտնելն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից, առանձին պատգամավորական խումբ ստեղծեն, և բանակցությունների մեջ մտնենք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածություն համաձայնեցնելու։ Դա կարող է լինել քաղաքական հեղինակություն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի համար, և որի շուրջը կձևավորվի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարություն՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու և երկիրը Փաշինյանի ստեղծած անվտանգային աղետից հանելու մանդատով։

Իրական խնդիրը այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձևավորել ժամանակավոր համաձայնություն), որքան այն 20 պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն դեմ գնալ Փաշինյանին, հաղթահարել իրենց վախերը, և պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար։ Ուստի ես այստեղ դիմում եմ ՔՊ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի՝ եթե Փաշինյանի ստերի տարափը ձեր մոտ էլ ներքին ընդվզում և հակակրանք առաջացրել, եթե դուք էլ եք հասկանում, որ սեփական ձախողումների պատճառով չի կարելի կործանել մի ամբողջ երկիր և ջուրը գցել սերունդների մաքառումը, արյունն ու քրտինքը, եթե դուք էլ հասկանում, որ թշնամուն անվերջ զիջումները մեր երկիրը տանում են անդունդ, և որ մենք կարող են Փաշինյանի ղեկավարությամբ կորցնել մեր ողջ պետությունը, քայլ արեք այսօր, և մերժեք ձեր ներսում Փաշինյանին՝ որպես ստախոս և քաղաքական բանկրոտ։ Եթե դուք չգիտեք, թե ինչ պետք է անեք դրանից հետո, եկեք խոսենք և միասին լուծումներ գտնենք՝ շատերդ տեղս գիտեք, կամ կարող եք հեշտությամբ գտնել, եթե Փաշինյանը նույնիսկ ինձ նորից բանտ ուղարկի, որպես պատգամավորներ կարող եք ինձ այցելել այնտեղ։

Մենք ունենք ձեզ առաջարկելու իրական լուծումներ, և եթե մեր ներսում համարձակություն գտնենք, թեև կորուստներով, կարող ենք միասին հաղթահարել մեր երկրի այս գոյութենական ճգնաժամը։ Քայլը ձերն է, տիկնայք և պարոնայք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում