Ավտոմեքենան Դիլիջանի ոլորաններից կողաշրջված ընկել է բնակչի տան բակ․ կա 4 վիրավոր

Ավտոմեքենան Դիլիջանի ոլորաններից կողաշրջված ընկել է բնակչի տան բակ․ կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Հ․-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին, ապա գազատար խողովակներին ու էլեկտրասյանը և կողաշրջված վիճակում մոտ 1 մետր բարձրությունից ընկել և հայտնվել Կամո փողոցի 15 տան բնակչի բակում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ալեքսան Հ․-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Արմեն Զ․-ն, 25-ամյա Արտակ Հ․-ն և 17-ամյա Հայկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Վիրավորներից մեկին «Դիլիջան» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում