Արուսյակ Ալեքսանյանի՝ կալանավորված 22-ամյա օգնականը մարտական է տրամադրված, վախենալու ոչինչ չունի. պաշտպան

Արուսյակ Ալեքսանյանի՝ կալանավորված 22-ամյա օգնականը մարտական է տրամադրված, վախենալու ոչինչ չունի. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի՝ երիտասարդ օգնականին, 22-ամյա աղջկան՝ Թ. Հ.-ին, կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Գարիկ Գալիկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավորի օգնականը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին՝ դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ, որպիսի դատական ակտը փաստաբանը բարոյական չէր համարել։

Պաշտպանության կողմի գնահատմամբ՝ օգնականին կալանավորելու որևէ հիմք չկա, ավելին, օգնականն այն ֆիգուրը չէ, որ ինչ-որ օժանդակություն կատարի, իսկ թե, ի վերջո, ինչու նման որոշում կայացվեց՝ Գալիկյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատարանը որոշման հրապարակման ժամն օրվա ընթացքում երեք անգամ փոխել է, այդպիսով՝ արդեն ամեն բան պարզ է։ Ընդ որում, թիրախավորվում են դատական համակարգի հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք։

Դատավորի օգնականին կալանավորելու որոշման դեմ արդեն վերաքննիչ բողոք ներկայացվել է։ Պաշտպանը հայտնեց, որ տեսակցել է նրան, նա հոգեպես լավ է զգում, կայուն է, որևէ ընկճվածություն չունի, տրամադրված է մարտական, քանի որ հակաօրինական ոչինչ չի կատարել, ուստի, հուսահատվելու, մտածելու, վախենալու պատճառ չունի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությունն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։

Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։ Թե դատավորը, թե փաստաբանը ներկայումս կալանավորված են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում