Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով

Պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Սոչիում առաջիկայում կայանալիք հանդիպմանը ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթ, այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:

Խոսելով ԼՂ-ի հարցի լուծումից՝ նա նշեց. «Վերջին ժամանակներում հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկը, որը դրական է մեզ համար, և կա արևմտյան առաջարկը, որը բացասական է մեզ համար, և ՀՀ Կառավարությունը մերժում է ՌԴ-ի ծրագիրն ու ընդունում արևմտյան ծրագիրը: Սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»:

Վարչապետը շեշտեց՝ այն, որ կա հարցի լուծման ռուսական և արևմտյան ընկալում՝ ճիշտ է: ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին: Եվ այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը Փաշինյանը համարում է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:

«Եվ մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ: Այդ պլանն աշխատանքային ռեժիմով ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը 2022 թ օգոստոսին: Ընդ որում, պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ օգոստոսին ներկայացվում է, սեպտեմբերին ռուսաստանցի համանախագահողը կվերադառնա՝ մեր վերջնական դիրքորոշումը ստանալու: Եվ սեպտեմբերին հենց առաջին հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը մի պարզ պատճառով՝ դա մեր պայմանավորվածություն է եղել դեռևս 2021-ի հունվարից: Երկուշաբթի օրը (հոկտեմբերի 31-ին) Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ պաշտոնապես արդեն ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հանդիպման ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա ասել է նաև նախորդ օրը ՀԱՊԿ դռնփակ նիստում ՌԴ նախագահի ներկայությամբ:

Փաշինյանը հույս հայտնեց, որ ՌԴ-ն իր առաջարկությունները կպաշտպանի: Նա կարևոր նրբություն համարեց այն, թե դա անվտանգություն, խաղաղություն բերելո՞ւ է ԼՂ-ին և Հայաստանին, թե՞ ոչ:

«Այո, այնտեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին: Մենք, իհարկե, ուզում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը ԼՂ-ում: Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ եթե պետք է՝ ինքը հանդես կգա այդ առաջարկով, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկը: Եվ, եթե Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեն, կլինեն մեծամասնություն:

Փաշինյանը կարևորեց նաև անդրադառնալ հարցին, թե խաղաղապահներն ինչ են անում ԼՂ-ում: Նա նշեց՝ Փառուխի դեպքերը չեն մոռացվել: Ամենաբարձր մակարդակում եղել է պայմանավորվածություն, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Այսինքն՝ ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Իսկ այդ խոստումը, հանձնառությունը մինչև այժմ չի կատարվել: Փաշինյանն ընդգծեց՝ պետք է հնչի պատասխանը՝ ՌԴ-ն իր առաջարկները հետևողական և պինդ պաշտպանո՞ւմ է, թե ոչ:

«Եվ հայտարարում եմ, որ Սոչիում պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել. ՌԴ-ի առաջարկների հիման վրա՝ խաղաղապահների երկարացման թուղթը ստորագրել»,-եզրափակեց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում