Ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 5-ին հաղորդում է ստացել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում ականի պայթյունի և քաղաքացիական անձի վիրավորվելու մասին։

Դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։

«Ժամը16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ոտնաթաթի ականապայթյունային անդամահատում, ձախ ձեռքի 2-րդ մատի բաց կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 32-ամյա բնակիչ Ս.Ազարյանը (նա աշխատւմ է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում)։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Ս. Ազարյանն աշխատանքի բերումով գտնվել է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքի «Ղումատեղ» կոչվող տեղանքում, արոտավայրում պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասվում է Արցախի ՆԳՆ կայքում:

Ըստ աղբյուրի՝ հանգամանքների ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում