Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ-ում պայմանավորվել են թափ հաղորդել բանակցություններին

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ-ում պայմանավորվել են թափ հաղորդել բանակցություններին

Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, նշվում է արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։

Իր հերթին ԱՄՆ Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: «Ուղիղ երկխոսությունը լավագույն ուղին է իրապես կայուն խաղաղության հասնելու, եւ մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար», – ասել է Բլինքենը:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը, և 1991 թվականի անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, իրավունքներ, որոնց մենք մեծապես աջակցում ենք», – իր խոսքում նշել է ԱՄՆ Պետքարտուղարը։

«Կարծում եմ, որ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 տարվա հակամարտությունը պատճառել է հսկայական մարդկային, նյութական կորուստներ՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակով և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար», – իր խոսքը եզրափակել է ԱՄՆ Պետքարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում