Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին ու մեր դաշնակից երկրներին

Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին ու մեր դաշնակից երկրներին

Մինչ Միացյալ Նահանգներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվում են բանակցությունների ակտիվացման մասին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի հասցեին։

Հանդես գալով զինվորների առջև՝ Ալիևը Շուշիում այսօր հայտարարել է, որ ռուս խաղաղապահների Արցախում մնալու ժամկետը հստակ նշված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Երևանը պետք է անկեղծ լինի Բաքվի հետ խաղաղության բանակցություններում։ Նրանք չպետք է արհեստականորեն ժամանակ ձգձգեն, չպետք է ինչ-որ հրաշքի սպասեն, իբր որևէ մեկը կգա ու կկռվի իրենց փոխարեն։ Ոչ ոք չի գալու և չի կռվելու հայերի փոխարեն, իսկ նույնիսկ եթե գան, միևնույն է իրենց առջև տեսնելու են ադրբեջանական բանակը», – ասել է Ալիևը։

«Մեր բանակը հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և ինքնազոհողություն է ցուցաբերել։ Եթե պետք լինի, նորից նույնը կանենք, կհասնենք մեր ցանկալի արդյունքներին և դա գիտեն բոլորը ու պետք է իմանան նաև նրանք, ովքեր ի աջակցություն Հայաստանի մեր սահմաններում զորավարժություններ են անցկացնում։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել», – սպառնալով Իրանին ասել է Ադրբեջանի նախագահը։

Վերջինս նաև խոստովանել է, որ սեպտեմբերի 13-ին սկիզբ առած մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։ «Հիմա նրանք տեսնում են այդ երեսուն տարիների օկուպացիայի ցավը, տեսնում են, թե ինչ է նշանակում օկուպացիա և կորուստներ»։

Ալիևը նշել է, որ իրենց գրաված տարածքներից ադրբեջանցի զինվորականները տեսնում են Կապանը, Գորիսը, Ջերմուկն ու Սիսիանը։ Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում, ասել է Ալիևը։ «Ինչու՞ ենք ստեղծել մենք այս իրողությունները։ Նախ և առաջ դա Հայաստանի ռազմական սադրանքների պատասխանն է։ Մյուս կողմից, դա մեզ պետք էր, որպեսզի ապահովագրվենք ապագա ռազմական սադրանքներից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում