Ուկրաինայում սկսվել է Խերոսոնի համար ճակատամարտը։ Նոր մանրամասներ

Ուկրաինայում սկսվել է Խերոսոնի համար ճակատամարտը։ Նոր մանրամասներ

Երեկ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը վերջապես սկսել են Խերսոնի ուղղությամբ հարձակումը։ Տեղեկություններն այդ մասին ուկրաինական ռազմաճակատից սկսել են ստացվել ուշ գիշերը։ Ամբողջ գիշերվա ընթացքում կողմերը հրետանային և անօդաչու թռչող սարքերի միջոցներով ուժգին հարվածներ են հասցրել միմյանց։ Իսկ արդեն վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Ուկրաինայի բանակը երեք ուղղությամբ հարձակում է սկսել դեպի Խերսոն։

Նշենք, որ Խերսոնի համար ճակատամարտին կողմերը նախապատրաստվում են արդեն ավելի քան երկու շաբաթ։ Ամբողջ այս ընթացքում թե՛ Ուկրաինան և թե՛ Ռուսաստանը ուժեր են կենտրոնացրել ռազմաճակատի այս հատվածում։ Ռուսական կողմն անգամ ստիպված է եղել տարհանել Խերսոնի բնակչությանը՝ լավ հասկանալով, որ Կիևն ու նրա դաշնակիցները ամեն ինչ անելու են Խերսոնը գրավելու համար։

Ըստ ռուսական աղբյուրների, Խերսոնի ուղղությամբ ուկրաինական զինուժի հարձակմանը մասնակցում են նաև լեհական ու անգլախոս ստորաբաժանումներ։ Երեք ուղղություններից երկուսում՝ Սինգիրեվկա բնակավայրի և Մելովոե ջրամբարի հատվածում ուկրաինացիները կարողացել են որոշ առաջխաղացում ունենալ և նոր դիրքեր զբաղեցնել։ Նիկոլաևի հատվածից դեպի Խերսոն ուղղությամբ ուկրաինական գրոհը ձախողվել է և նրանք ստիպված են եղել վերադառնալ ելման դիրքեր։

Սպասվում է, որ այսօր մարտերն այդ հատվածում կսաստկանան և վերջապես պարզ կդառնա, թե ինչով կավարտվի արդեն շաբաթներ տևող խերսոնյան դիմակայությունը։

Ուկրաինայի իշխանությունները շտապում են Խերսոնը գրավելու հարցում։ Բանը նրանում է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին G20-ի գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Միացյալ Նահանգներից։ Սակայն վերլուծաբանների և ռազմական փորձագետների կարծիքով Զելենսկին կմասնակցի գագաթաժողովին միայն այն դեպքում, եթե մինչ այդ հաջողվի գրավել Խերսոնը. Ուկրաինայի նախագահը ցանկանում է որպես հաղթող նախագահ ներկայանալ կարևոր այդ իրադարձությանը։ Ձախողման պարագայում սպասվում է, որ Զելենսկին G20-ի աշխատանքներին տեսակապով կմասնակցի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում