Ձգտելու եմ նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը. Արթուր Դավթյան

Ձգտելու եմ նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը. Արթուր Դավթյան

«Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում շատ լավ արդյունքներ ենք գրանցել։ Սպասում էինք, բայց նաև չէինք հավատում»,- այս մասին, ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն՝ անդրադառնալով Սպորտային մարմնամարզության ԱԱ-ում հայ մարզիկների գրանցած հաջողություններին։

Նա նշեց՝ չէին հավատում, որ հատկապես ոսկե մեդալ կնվաճեն։ «Շատ դժվար էր, այո, մենք մեդալների հետևից էինք գնում, սակայն ոսկին անսպասելի էր: Արթուր Դավթյանը չուներ աշխարհի առաջնության որևէ մեդալ, բայց նա կարողացավ հասնել և նվաճել ոսկե մեդալը»,- նշեց Հակոբ Սերոբյանը։

Նրա խոսքով՝ կան սխալներ, որոնք պետք է շտկել, որ հաջորդ մրցումներին ևս լավ արդյունքներ գրանցեն։ Ըստ Սերոբյանի՝ աշխարհ առաջնությունում Արթուր Ավետիսյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, ինչը տարիներ առաջ հայ մարզիկների համար շատ բարձր արդյունք էր։ «Մենք այս առաջնության եզրափակիչում ունեցանք չորս մասնակից, սա վկայում է այն մասին, որ մարմնամարզությունը մեր երկրում աճ է գրանցում»,- ընդգծեց նա։

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ հետագայում ևս հայ մարզիկները լավ արդյունքներ ցույց կտան։

Նշենք, որ ԱԱ-ում 38-ամյա Հարություն Մերդինյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ անհավատալի է, որ այդ տարիքում նա կարողացավ այդպիսի հաջողություն ունենալ։ «Այս հաջողությանը հասել են միասնական ուժերով։ Հավաքականում բոլորն իրար օգնում են։ Մեծ, համերաշխ ընտանիք է, հուսով եմ, որ հետագայում էլ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց գլխավոր մարզիչը։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ նշեց, որ վերջին տարիներին մեր մարմնամարզությունը լավ արդյունքներ է գրանցում: «Այդ ամենն ի պատիվ մեր մարզիչների` Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեր տղաների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում: Մենք կարողացանք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ հնարավոր է ունենալ այսպիսի փառահեղ հաղթանակներ»,- նշեց Գագիկ Վանոյանը:

Անկախ Հայաստանի պամության Աշխարհի առաջին չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն էլ նշեց՝ իրենք պետք է ամեն ինչ անեն, որ միշտ բարձր պահեն մեր երկրի պատիվը։

«Շատ ուրախ եմ, որ կարողացա այս մեդալը նվաճել և բերել մեր հայրենիք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին, ֆեդերացիայի նախագահին, ընկերներիս, որոնք փոքրիկ լումա ունեն այս հաջողությունում: Հաջորդ տարին առավել կարևոր է, քանի որ վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար»,- ընդգծեց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ աշխարհի առաջնություններում ոչ մի մեդալ չունենալով միանգամից ոսկե մեդալ նվաճեց, հիմա ձգտելու է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում