Սառը պատերազմ Իրանի և Ադրբեջանի միջև։ Կլինի՞ արդյոք զինված բախում

Սառը պատերազմ Իրանի և Ադրբեջանի միջև։ Կլինի՞ արդյոք զինված բախում

Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվածության նոր փուլ են թևակոխում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան պահանջ է ներկայացվել դադարեցնել հակաիրանական քարոզչությունն ադրբեջանական մամուլում։

Հատկանշական է, որ Իրանի իշխանություններն այս քայլին գնացել են այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին Շուշիից սպառնացել է Իրանին։

«Մեր բանակը հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և ինքնազոհողություն է ցուցաբերել։ Եթե պետք լինի, նորից նույնը կանենք, կհասնենք մեր ցանկալի արդյունքներին և դա գիտեն բոլորը ու պետք է իմանան նաև նրանք, ովքեր ի աջակցություն Հայաստանի մեր սահմաններում զորավարժություններ են անցկացնում։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել», – սպառնալով Իրանին ասել էր Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանի նման վարքագծին իրանական կողմը սովորաբար արձագանքում էր ոչ միջին մակարդակի պաշտոնյաների, հոգևորականների կամ զինվորականների շուրթերով։ Սակայն վերջին ամիսներին իրավիճակը ադրբեջանա-իրանական հարաբերություններում կտրուկ վատացել է։ Հիմա արդեն երկու կողմերը հանդես են գալիս միմյանց ուղղված խիստ քննադատություններով ու անգամ սպառնալիքներով։

Այսպես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին բարձրաձայնել է Իրանում բնակվող այսպես կոչված 40 միլիոն ադրբեջանցիների թեման։ «Թյուրքական ժողովուրդները պետք է սեփական լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունենան։ Ցավոք, մեր պետության սահմաններից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիներ հիմնականում զրկված են այդ հնարավորությունից։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի պահպանենք արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների հետ», – Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում այսօր հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի այս խոսքերը հնչում են Իրանում սկիզբ առած ժողովրդական անհնազանդության ակցիաների լույսի ներքո։ Պաշտոնական Թեհրանն արդեն հայտարարել է, որ այդ ակցիաներն ուղղորդվում են արտասահմանից։ Ավելին, մեղադրանքներ են հնչել նաև Ադրբեջանի հասցեին։ Ի դեպ, այս հարցում ևս ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ քարոզչական աշխատանք են իրականացնում՝ նպաստելով Իրանի ներքին վիճակի ապակայունացմանը։

Ադրբեջանի այս գործողությունները պատճառ են դարձել, որպեսզի Իրանում հակազդող քայլեր նախաձեռնի հյուսիսային հարևանի դեմ։ Որոշ գործողություններ, դատելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների արձագանքից, արդեն արվել են։ Սակայն դրությունը կարող է ավելի լարվել և նույնիսկ ռազմական բախումների պատճառ դառնալ։

Կարդացեք նաև՝ Պրոիրանական տրամադրություններ Նախիջևանում։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները տագնապած են

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ վատթարացումն արդեն արձագանք է գտել Միացյալ Նահանգներում։ Այսպես, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցելու է Ադրբեջանին Իրանից բխող սպառնալիքներում։ «ԱՄՆ համար ակնհայտ է, որի իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար», – ասել է Փրայսը։

Թե ինչ զարգացումներ կլինեն իրանա-ադրբեջանական հարաբերություններում, ցույց կտա ժամանակը։ Մի բան սակայն ակնհայտ է, որ երկու երկրները ներկայումս գտնվում են սառը պատերազմի մեջ, որն ամեն պահ կարող է վերաճել զինված հակամարտության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում