Թուրքական հետախուզությունը Բաքվից մարդ է առևանգել

Թուրքական հետախուզությունը Բաքվից մարդ է առևանգել

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ 68 օր առաջ՝ սեպտեմբերի 6-ին, Բաքվի կենտրոնում առևանգված գործարար Ուգուր Դեմիրոկը գտնվում է Անկարայի բանտում և որ նրան Ադրբեջանում ձերբակալել ու Թուրքիա է բերել թուրքական Ազգային հետախուզական ծառայությունը (MIT):

Ըստ թուրքական կողմի հայտարարության, Դեմիրոկը եղել է Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած FETÖ կազմակերպության անդամ և ներգրավված է եղել 2016-ին Թուրքիայում զինված հեղափոխություն անելու փորձի մեջ։

Գործարարը բնակվում էր Բաքվում և կնոջ հետ միասին զբաղվում բժշկական ապրանքների վաճառքով։ Սեպտեմբերի 6-ին անհայտ անձինք առևանգել են նրան իր տան հարակից մետրոյի կայարանի տարածքից, որից հետո երկար ժամանակ Դեմիրոկի մասին որևէ լուր չէր հայտնվում։

Ադրբեջանի իրավապահ մարմինները Դեմիրոկի ընտանիքին տեղեկացրել են, որ վերջինս Թուրքիա է մեկնել։ Հետո նրա հարազատներն իմացել են, որ Դեմիրոկն Անկարայի բանտում է։ Իսկ նախօրեին ահա Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը տեղեկացրել է մամուլին, որ հատուկ գործողություն է իրականացրել Բաքվում և Դեմիրոկին բերել Թուրքիա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում