Լրտեսական սկանդալ Հայաստանում

Լրտեսական սկանդալ Հայաստանում

Նոյեմբերի 11-ին ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել այն մասին, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Տեղեկատվությունը հանրայնացրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենք տեղյակ են մոտ 10 հարձակման ենթարկված մարդու մասին, որոնց թվում կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։

Մեդիափորձագետը նաև տեղեկացրել է, որ իրենց թիմը հասցրել է ստուգել երկու հեռախոս, որոնցից մեկի վրա հայտնաբերվել է իսրայելական հայտնի Pegasus լրտեսական ծրագիրը։

Նշենք, որ Pegasus-ը հայտնի և բավական թանկարժեք ծրագիր է, որն արտադրողի կողմից վաճառվում է բացառապես պետական կառույցներին։ Այս փաստը վկայում է այն մասին, որ հայ քաղաքական և հասարակական գործիչները լրտեսվել են պետության կողմից։

«Չենք կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը կամ արդյոք մեկ երկրից է, թե մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն` չգիտենք` Հայաստանի հատուկ ծառայություններն են, Ադրբեջանի, Թուրքիայի, թե բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ «Pegasus»–ը միայն պետական կառույցներին է վաճառվում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտիրոսյանը։

ՀՀ պետական մարմինները դեռևս չեն մեկնաբանել Հայաստանի հայտնի գործիչների նկատմամբ լրտեսություն իրականացնելու բացահայտված այս փաստը։ Փոխարենը սոցիալական ցանցերում իրենք՝ գաղտնալսվողներն են գրում այն մասին, որ Apple-ից նման նախազգուշացում են ստացել։ Ու եթե ընդդիմադիրները կարող են կասկածել, որ իրենց հեռախոսները գաղտնալսվում են ՀՀ իշխանությունների կողմից, ապա պետական բարձր պաշտոնյաների պարագայում խնդիրը շատ ավելի լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Ի վերջո, չի բացառվում, որ նրան գաղտնալսվել են Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանությունների կողմից։

Հիշեցնենք, որ Pegasus լրտեսական ծրագիրը Հայաստանում առաջին անգամ բացահայտվել է 2021-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Այն ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը տեղեկացրել էր, որ նամակ է ստացել Apple ընկերությունից, ինչը հաստատում է իր նախկին hայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանությունները տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իր քաղաքական գործունեության հետ։ Ավելի ուշ նա ասել էր, որ առանց պետության թույլտվության հնարավոր չէ մուտք գործել որևէ բջջային օպերատորի համակարգ և Pegasus ծրագրով գաղտնալսել որևէ մեկին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Pegasus-ի միջոցով գաղտնալսվել են քաղաքական-հասարակական այլ գործիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում