Շարունակում են հետխորհրդային տարածքները միավորելու փորձերը

Շարունակում են հետխորհրդային տարածքները միավորելու փորձերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ղազախստանի իր գործընկերոջը ստեղծել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի եռամիություն, որն ի թիվս այլ հարցերի, կզբաղվի նաև գազի ոլորտի կարգավորմամբ։ Այս մասին տեղեկացնում են ռուսական և ղազախական լրատվամիջոցները։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո պաշտոնական առաջին այցով Մոսկվա է մեկնել, հայտարարել է, որ հավանություն է տալիս գաղափարին՝ ավելացնելով, որ այդ նախաձեռնության իրականացումը կպահանջի նոր քննարկումներ և նույնիսկ բանակցություններ:

Վ. Պուտինը, իր հերթին, պատրաստվում է հարցը քննարկել նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի հետ։

Նշենք, որ Ռուսաստանն արդեն իսկ Միութենական պետություն է ստեղծել Բելառուսի հետ։ Փորձագետների և քաղաքական գործիչների շրջանում ակտիվ քննարկվում է նաև Ռուսաստան-Հայաստան միութենական պետության ստեղծելու գաղափարը։ Եվ ահա այս լուրերի լույսի ներքո օրակարգ է բերվում նաև միջինասիական երկու պետությունների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի հետ եռամիություն ստեղծելու գաղափարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում