Ադրբեջանի «Բուլլա-Դենիզ» գազահանքում 250 մլն դոլար է այրվել

Կասպից ծովում Ադրբեջանի «Բուլլա-Դենիզ» վթարային գազահանքում այրվող գազի ծավալը գերազանցում է «Շահդենիզ» հանքահորից արդյունահանվող գազի օրական ծավալը: Այս մասին, ինչպես հաղորդում է  haqqin.az լրատվական կայքը, facebook-ի իր էջում գրառել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն:

««Բուլլա-Դենիզ» գազահանքում օրական վառվում է այնքան գազ, որը ներքին գներով կազմում է 6 մլն մանաթ, իսկ համաշխարհային գներով’ 16,5 մլն դոլար: Վթարից հետո 15 օրերի ընթացքում գազի արդյունահանման հորատանցքում ներքին գներով այրվել է 90 մլն մանաթ արժողությամբ գազ, իսկ համաշխարհային գներով այն կազմում է 241,5 մլն դոլար», -նշում է փորձագետը:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ ավարտել է «Բուլլա-Դենիզ» գազի հորատանցքից սարքավորումները դուրս բերելու եւ հանքահորը կոնսերվացնելու աշխատանքները, որտեղ օգոստոսի 17-ին վթար էր տեղի ունեցել եւ հրդեհ բռնկվել: SOCAR-ը հայտնել է, որ գազահանքի հրդեհը մարելու աշխատանքներին, բացի ադրբեջանական «Շիրվան» եւ «Թաղիեւ» վերամբարձ նավերից, մասնակցել են նաեւ ամերիկյան Boots & Coots international Well Control ընկերության մասնագետները: Գազային հորատանցքում օգոստոսի 17-ին բռնկված հրդեհը SOCAR-ին հաջողվել է մարել 15 օր հետո միայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում